Կարևոր իրադարձություններ

Երանոսում և Վարդաձորում ավերիչ քամու պատճառով տապալվել են Արցախյան վերջին պատերազմի նահատակներին նվիրված խաչերը

04 Մարտ, 2022 17:40
 Երանոսում և Վարդաձորում ավերիչ քամու պատճառով տապալվել են Արցախյան վերջին պատերազմի նահատակներին նվիրված խաչերը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Երանոս եւ Վարդաձոր գյուղերում մարտի 4-ի առավոտյան գրանցված ավերիչ ուժի քամին հիմնովին տապալել է Արցախյան վերջին պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված խաչերը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու ատենապետ Սարո Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դրանք կառուցվել եւ տեղադրվել էին Երանոսի եւ Վարդաձորի բարերարների միջոցներով, 2021 թվականի ընթացքում։

«Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոսներին նվիրված մետաղակուռ խաչերի բարձրությունը Երանոսում 44, Վարդաձորում` 33 մետր էր։ Դրանք տեղադրվել էին բնակավայրերին իշխող բարձունքներում եւ լուսային էֆեկտի շնորհիվ երեւում էին նույնիսկ գիշերային ժամերին։ Ցավոք, դրանք արդեն ավերիչ ուժի քամու հետեւանքով տապալված են հիմնովին, ու դժվար է ասել, թե ինչպես պետք է վերականգնվեն։ Բարեբախտաբար, ալդ խաչերի տապալման հետեւանքով դժբախտ դեպքեր տեղի չեն ունեցել»,-ներկայացրեց Սարո Ղազարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին