Կարևոր իրադարձություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ համաժողովին

19 Հոկտեմբեր, 2015 14:18
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ համաժողովին

Հոկտեմբերի 15-16-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Թբիլիսի. մետաքսի ճանապարհ» խորագրով համաժողովին: 

Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված և ՉԺՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կազմակերպված այս համաժողովի ընթացքում քննարկվել է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի ընդգրկուն ցանկ: Մասնավորապես, քննարկվել են Մետաքսի ճանապարհի գոտում առևտրի դյուրացման, էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում առավել նշանակալից տարածաշրջանային նախագծերի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես` հոկտեմբերի 16-ին Կարեն Ճշմարիտյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի հետ: Կողմերը քննարկել են հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորությունները:

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է նաև Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Ջան Մլադեկի, Ասիական զարգացման բանկի (ADB) փոխնախագահ Վենկաի Ժանգի, ԱՄՆ-ի Էներգետիկ ռեսուրսների կոմիտեի քարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Իչորդի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան Ույգուր Ինքնավար Մարզի կառավարիչ Խուկերատ Զակիրի, ինչպես նաև Աֆղանստանի էկոնոմիկայի նախարար Աբդուլ Սաթար Մուրադի հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնեղ հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին