Կարևոր իրադարձություններ

ՏԿԱԻ նախարարն ընդունեց «UNICEF»-ի նորանշանակ ներկայացուցչին

19 Հոկտեմբեր, 2015 14:17
ՏԿԱԻ նախարարն ընդունեց «UNICEF»-ի նորանշանակ ներկայացուցչին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչային, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովին և UNICEF-ի ԱՌՆ ծրագրի պատասխանատու, ԱՌՆ ծրագրերի

ղեկավար Տիգրան Թովմասյանին:

Ողջունելով տիկին Ռադոչային, ով առաջին անգամ էր այցելում ՏԿԱԻՆ՝ նախարար Երիցյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻՆ գործունեությունը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաև՝ «911» ծառայության գործառույթները: Նախարարն ընդգծեց, որ իր ղեկավարման 6 տարիների ընթացքում նախարարությունն ակտիվորեն և առավելագույնս արդյունավետ համագործակցել է ՄԱԿ-ի և հատկապես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ:

Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տ. Ռադոչան նշեց, որ «UNICEF»-ն ակտիվորեն աշխատում է նախարարության հետ թե’ արտակարգ իրավիճակների, թե’ տարածքային կառավարման ուղղություններով, հատկապես ուշադրության կենտրոնում են մարզային դպրոցներն ու երեխաները: Տ. Ռադոչայի խոսքով՝ «UNICEF»-ի գլխավոր նպատակներից է սոցիալական, կրթական և բժշկական ծառայությունները հնարավորինս մատչելի դարձնել երեխաների համար:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Երիցյանին մարզերում սոցիալական պլանավորման հարցերում «UNICEF»-ին աջակցություն ցույց տալու և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գործատու հանդիսանալու համար:

ՏԿԱԻ նախարարը նշեց, որ ՄԱԿ-ի և «UNICEF»-ի հետ համագործակցությունը ոչ միայն շարունակվելու է, այլև զարգանալու է՝ անցնելով նոր մակարդակ. «Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնց թիրախային խումբն են նաև մեր բալիկները, մեկ երկրի անելիք չեն, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները միասնական համատեղ ուժերով պետք է գործառնեն այս գաղափարի շուրջ: Մեր բալիկների անվտանգությունը բոլորիս համար էլ առաջնային խնդիր է»,-շեշտեց Ա. Երիցյանը:

Քննարկելով համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացը՝ տիկին Ռադոչան նշեց, որ իր երկրում՝ Խորվաթիայում, նույնպես արդիական է համայնքների խոշորացման խնդիրը, այս գործընթացը, նրա խոսքով, անշուշտ անհրաժեշտ է՝

համայնքների կառավարման և բյուջեի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Նախարար Երիցյանը նշեց, որ համայնքների խոշորացման հարցում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում արդիական է քննարկել նաև համայնքներում մանկապարտեզաշինության ծրագիրը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման հաջորդ տարվա ծրագրի դրույթները:

 

Լրահոս

Դիտել ավելին