Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    446
    456

  • EUR

    469
    487

  • RUB

    6,54
    7,89

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի էքսպանսիան՝ «եղբայրության» քողի տակ. «Հայաստանի Հանրապետություն»

18 Հունվար, 2022 09:43
Թուրքիայի էքսպանսիան՝ «եղբայրության» քողի տակ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները շատերին ստիպեցին սթափվել, այդ թվում՝ Ռուսաստանում: Պարզվեց՝ ռեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիան Խորհրդային Միության փլուզումից հետո պարզապես պատառոտվել է շատ պետությունների կողմից՝ ԱՄՆ-ից մինչեւ Իրան: Բոլորից շատ ջանքեր է գործադրում Թուրքիան, որը մտադիր է հետխորհրդային Կենտրոնական Ասիան վերածել սեփական տարածքի: Անկարան ագրեսիվ տնտեսական ու քաղաքական էքսպանսիա է իրականացնում նույնիսկ Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրում, որտեղ թյուրքալեզու էթնոս չկա. խոսքը Տաջիկստանի մասին է: Եվ եթե ռուսական փորձագիտական շրջանակները քիչ էին հավատում պանթյուրքական ծրագրի գոյությանը, իսկ նրանք, ովքեր գաղափարի մասին գիտեին, վստահ էին, որ Անկարան նույնիսկ չի համարձակվի մտածել դրա իրականացման մասին, այսօր սկսում են ըմբռնել, որ պանթյուրքական ծրագրի իրականացումն սկսվել է անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո…

Ուզբեկական կյանքի մասին թուրք քաղաքագետները, փորձագետները եւ լրագրողները շատ են գրում ու խոսում: Եվ դա զարմանալի չէ. Ուզբեկստանը Թուրքիայում ընկալվում է որպես «փոքր եղբայր», որին օգնում են ցավագին բարեփոխումներ իրականացնել: Դեռ հունիսին Թուրքիայի ու Ուզբեկստանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որը ենթադրում է համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ սպորտից ու տուրիզմից մինչեւ տեղական ինքնակառավարում: Այժմ երկրի առաջատար տեղեկատվական գործակալությունը՝ «Anadolu»-ն, շնչասպառ պատմում է այն մասին, որ Ուզբեկստանը Թուրքիայից կընդօրինակի տեղական ինքնակառավարման մոդելը:

Իսկ թուրքական «Hurriyet»-ը գրում է տնտեսական համատեղ նախագծերի մասին: Հենց թուրքական շինարարական ընկերություններն են կառուցում հավակնոտ «Տաշքենդ Սիթին», որը կդառնա Ուզբեկստանի զարգացման ամենամեծ նախագիծը։

Կառուցվում են բնակելի շենքեր, գրասենյակներ, հյուրանոցներ, առեւտրի կենտրոններ եւ քաղաքային այգի։ Թուրք կապալառուներն են կառուցում, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շենքը՝ 267 մետր բարձրություն ունեցող «Nestone»-ը եւ Ուզբեկստանի առեւտրի ամենախոշոր կենտրոնը՝ «Տաշքենդ Մոլը»։

Փաստորեն, «Տաշքենդ Սիթի» նախագիծը դարձել է ժամանակակից Կենտրոնական Ասիայի հայելին, որտեղ տարբեր երկրների շահերը սերտորեն փոխկապակցված են: Թեեւ նախագծի հիմնական մասը տրվել է Թուրքիային, «Hilton» հյուրանոցը կառուցում են բրիտանացիները, ֆինանսական կենտրոնը՝ չինացիները։ Նախագծի մի մասը մշակվել է գերմանացիների ու ռուսների կողմից:

Ուզբեկստանն աշխուժացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, որի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս մեծ շրջագայություն է կատարել միջինասիական երկրների մայրաքաղաքներով: Իսկ Աքարի այցից շատ չանցած Ուզբեկստանն ու Ղազախստանը հռչակագիր են ստորագրել միջպետական միության մասին, իսկ այդ փաստը շատ ակտիվ մեկնաբանվել է Թուրքիայում: Բնականաբար, դրական լույսի ներքո:

Ուզբեկ փորձագետ Աբդուվալի Սայբնազարովը «Anadolu» պետական տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հռչակագիրն անվանել է «պատմական իրադարձություն». թյուրքական երկու երկրները միավորվեցին՝ խնդիրներն ինքնուրույն լուծելու համար՝ առանց ներգրավելու երրորդ երկրների: «Anadolu»-ն մեջբերում է նաեւ ղազախ սոցիոլոգ Ամանգելդի Կուրմետուլիի կարծիքը. վերջինս կարծում է, որ «միջազգային հարաբերությունները ռազմավարական մակարդակից դաշինքի մակարդակի հասցնելը նշանակում է, որ այդ երկրները պատրաստ են միմյանց տնտեսական, սոցիալական եւ ռազմական օգնություն ցուցաբերել»։ Կուրմեթուլին ակնարկում է «Anadolu»-ին. «Մենք գիտենք, որ տարածաշրջանում կան այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերը: Այս առումով կարելի է ասել, որ դաշնակցային հարաբերությունները գործնականում ստեղծվել են որպես այդ սպառնալիքների պատասխան»։

Տողերի արանքում այսպես է կարդացվում՝ նրանք հակադրվելու են Ռուսաստանին, որի ռազմաքաղաքական ներկայության հանդեպ վերաբերմունքը Կենտրոնական Ասիայի երկրներում եւ Թուրքիայում այժմ ընկալվում է որպես ինքնիշխանության սպառնալիք։ Ի դեպ, ընտրություններից հետո Ուզբեկստանի ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոեւն իր առաջին միջազգային այցը կատարել է Թուրքիա. նա մասնակցել է թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի պետությունների ղեկավարների նիստին։

Ակնհայտ է, որ Թուրքիան մտադիր է ավելի մեծ տնտեսական դեր խաղալ Ուզբեկստանում: Ինչպես գրում է «Anadolu»-ն, երկրում գործում է մոտ 13.5 հազար ընկերություն արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ, եւ նրանց շարքում առաջատարները ռուսներն են (նոյեմբերի տվյալներով՝ 2335): Նրանց հաջորդում են չինական (1942) ու թուրքական (1830) ընկերությունները: Միրզիյոեւի՝ Ստամբուլ կատարած այցից հետո հավակնոտ խնդիր առաջադրվեց՝ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 5 մլրդ դոլարի: Թուրքիան նույնպիսի առեւտրաշրջանառության ձգտում է հասնել նաեւ Թուրքմենստանի հետ, իսկ Տաջիկստանի հետ, համեմատության համար, ընդամենը 1 մլրդ դոլարի: Բայց այս ամենը, բնականաբար, միայն կուժեղացնի ուզբեկական տնտեսության վրա Թուրքիայի ազդեցությունը:

Անկարան միեւնույն ժամանակ հետեւողականորեն ուժեղացնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի այլ երկրներում: Նույնիսկ Տաջիկստանում, որը պատմականորեն եղել է Իրանի ազդեցության գոտին: Հարյուրավոր տաջիկ ուսանողներ սովորում են Թուրքիայում, երկրում գործում է կրթա-կիրառական ու հետազոտական կենտրոն: Վերջերս հանվեցին Թուրքիայի ու Տաջիկստանի միջեւ վիզային սահմանափակումները, երկու երկրները նաեւ համատեղ գործարար համաժողով են անցկացրել, հուշագիր ստորագրել թեթեւ արդյունաբերության մեջ համագործակցության մասին:

Միրզիյոեւից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխաբադյան իր տանը հանդիպել է Թուրքմենստանի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը. Էրդողանը մամուլի համար իր հայտարարության մեջ շեշտել է, որ դա թյուրքերի «պատմական հայրենիքն է»: Նախագահները ռազմավարական համաձայնագրեր են կնքել 9 ոլորտում, սակայն փաստաթղթերն այնքան կարեւոր չէին, որքան թյուրքական աշխարհի պատմական միասնության մասին գաղափարական ազդանշանը: Ի դեպ, նույնիսկ Թուրքիայում ոչ բոլոր փորձագետներն են կիսում պետության լավատեսությունը՝ կապված կենտրոնաասիական երկրների մերձեցման հեռանկարների հետ:

Քեմալական «Ջումհուրիեթ» թերթի քաղաքական վերլուծաբան եւ հոդվածագիր Մուստաֆա Բալբայը նշել է, որ Թուրքմենստանը դեռ չի միացել Թյուրքական պետությունների կազմակերպությանը (դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր), իսկ Ուզբեկստանը դա արել է միայն 2019 թ.:

Բալբայը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիայի հետ Կենտրոնական Ասիայի երկրների հարաբերություններում առաջընթացը «փոքր» է համարում։ Չէ՞ որ Անկարան պետք է մրցակցի ուժային այլ կենտրոնների՝ Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հետ։ Ըստ Բալբայի՝ Թուրքիան ընդհանրապես ռազմավարական տեսլական չունի, թե ինչ անել Կենտրոնական Ասիայի հետ, չկա առաջնահերթությունների ցանկ եւ գործողությունների երկարաժամկետ ծրագիր։ Բայց կա թյուրքական ազգայնականություն…

Անկարան, փորձելով առաջ մղել իր պանթյուրքական ծրագիրը, Թյուրքական պետությունների կազմակերպությունում հավաքել է երկրների, որոնց միջեւ գոյություն ունեն ոչ միայն քաղաքական ու տնտեսական հակասություններ, այլեւ տարածքային վեճեր: Ավելին՝ տնտեսական միավորման տակ դրվել է գաղափարական հիմք: Թուրքիան միջինասիական իր «գործընկերներին» անվանում է «եղբայր ժողովուրդներ»: Այդ թեզը, սակայն, հերքվում է Թուրքիայի ու միջինասիական երկրների պաշտոնական պատմագրությամբ, որին կանդրադառնանք մեկ այլ առիթով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին