Կարևոր իրադարձություններ

Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում լուրջ գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

13 Հունվար, 2022 09:27
Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում լուրջ գնաճ է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս: Ալյուրի գինը բարձրացել է 1.5 տոկոսով, իսկ մակարոնեղենինը՝ 2.7 տոկոսով, բրնձինը՝ 2.9 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի գինը 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 12.7 տոկոսով: Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։

Իշխանությունը, սակայն, մոռանում է թանկացումների մասին. հունվարի 1-ից մեր հանրապետությունում բարձրացել է գույքահարկը, դարձյալ կթանկանա ներմուծվող ու արտադրվող սննդամթերքը, այդ թվում` ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։ Ջրի գնի բարձրացման ու փետրվարի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի լռում ենք: Դե արի ու 3000 դրամ ավելացած թոշակով կոմունալ վարձ վճարիր կամ սնունդ առ ու ապրիր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին