Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը

07 Հունվար, 2022 16:01
Դատախազությունը դիմել է Լոռու մարզպետին՝ քննարկելու Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկին աշխատանքից ազատելու հարցը

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ հիմնավորվել է, որ բաժանմունքում հաշվառման վերցված հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում կազմակերպելու ժամանակ վերջինիս և բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ, ներկայումս հանգուցյալ Ա. Բ.-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի՝ 2015թ. սեպտեմբերի 16-ի հրամանով հաստատված՝ «Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը» կլինիկական ուղեցույցի դրույթներին համապատասխան բժշկական միջամտություն և անհրաժեշտ բուժօգնություն չիրականացնելու արդյունքում նոր ծննդաբերած կնոջ մոտ առաջացած բարդությունների, արյունահոսության հետևանքով զարգացել է հեմոռագիկ շոկ, և 2016թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 01:40-ին, արձանագրվել է հիվանդի մահը:

Քրեական գործը 2018թ. մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատաքննության ընթացքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ ամբաստանյալի գործողությունների և կնոջ մահվան միջև պատճառական կապը պարզելու նպատակով: Փորձաքննությունն իրականացրած փորձագետները ևս փաստել են, որ մահը վրա է հասել նրա բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացրած վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:

Դեռևս նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 21-ին, նրանցից մեկի՝ Ա. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան կապակցությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Դ.Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն վերջինս 2021թ. դեկտեմբերի 8-ին, քրեական գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո, դատական նիստում միջնորդել է ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճել և իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, ինչը բավարարվել է նույն օրվա դատարանի որոշմամբ:

Փաստացի, ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ հիմնավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է Լոռու մարզպետին՝ գործուն միջոցներ ձեռնարկելու «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների արարքներում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները և նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, նկատի ունենալով, որ հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի կողմից իրականացվող մասնագիտական գործունեության հետ, և նրան նման կարգավիճակից զրկելը էականորեն նվազեցնում է հետագայում նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձրացվել է նաև բուժկենտնորնի նշված բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դ. Շ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցը քննարկելու խնդիրը:

Լրահոս

Դիտել ավելին