Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի պլյուսներն ու մինուսները․ Ռուբեն Վարդազարյան

03 Հունվար, 2022 21:56
Հեղինակ՝ Ռուբեն Վարդազարյան
Հայաստանի պլյուսներն ու մինուսները․ Ռուբեն Վարդազարյան

Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարև ձեզ,

ինձ թվում է` նկատած կլինեք, որ ինտերնետներում կան բազմաթիվ երկրների վերաբերյալ վերլուծական կամ գնահատողական ձևաչափի նյութեր, որտեղ հեղինակը փորձում է ներկայացնել տվյալ երկրում բնակվելու դրական և բացասական կողմերը։

Հիմնականում այսպիսի նյութերը պատրաստվում են շատ պահանջված, շատ պոպուլյար, շատ բարեկեցիկ պետությունների մասին` Ամերիկա, Ավստրալիա, Կանադա, Հայաստան:

Հը՞ 

Վա՜յ դե կատակ էի անում, հանգստացեք

Խնդիրը հենց այն է, որ նշված ձևաչափում Հինավուրցի ու Բազմաչարչարի վերաբերյալ գրեթե ոչ մի տեղեկություն չկա։
Եվ ահա ստանալով հերթական գրանտը ադրբեջանական հատուկ ծառայություններից` ես եկել եմ լրացնելու այդ բացը։
Այժմ կփորձեմ մաքսիմալ օբյեկտիվ ներկայացնել Հայաստանում ապրելու «+/-» ները։ Սակայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` նախապես զգուշացնում եմ, որ գնահատականներ տալիս` ես զերծ եմ մնացել որևէ հուզական-բանաստեղծական զեղումներից։ Այսինքն` «Հայաստանս մոր պես լավն է», կամ «Հայ բալիկների ժպիտը տեսնելը բավական է, որ ուզենամ այստեղ ապրել ու մեռնել» ոճի բնորոշումներ չեն լինելու։
Եթե դուք դեռ չեք նկատել, ապա ես Նազենի Հովհաննիսյանը չեմ։ Իմ գնահատականները չափազանց կենցաղային են, իրատեսական, չոր ու նյութական։ Հա, նաև չմոռանամ նշել` ներքևում թվարկվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին, այլ ոչ միայն Երևանի փոքր կենտրոնին։ Կարծում եմ` ազնիվ չէ Հայաստան ասելով` նկատի ունենալ միայն Թումանյան փողոցն ու Կալյումեն։ Չէ ո՞ր ունենք նաև Իջևան, Արագածոտն, Ծովագյուղ, մի շարք սարեր, ձորեր, գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, լճեր, «Սյամոյի մոտ» ռեստորանը, և այլն։
Եվ ուրեմն, ըստ էության` եկեք արձանագրենք.
//ԴՐԱԿԱՆԸ//
1. Կազմակերպված հանցավորության բացակայություն
Իմ համեստ կարծիքով` սա Հայաստանի գլխավոր, և հենց արտասահմանցիների կողմից ամենահաճախ նշվող առավելությունն է։ Հայաստանի ներսում` փողոցներում ու տներում, պիզդեց անվտանգ է։ Օրվա ցանկացած ժամի` շատ, շատ, շատ փոքր է հավանականությունը, որ ձեզ կթալանեն, կբռնաբարեն, կսպանեն կամ կառևանգեն Հայաստանի կամայական բնակավայրում։ Չկան ակտիվ հանցավոր խմբավորումներ, ռեկետ, նարկոմաֆիա, սերիական մարդասպաններ, կամ սկինհեդներ։
Սա չափազանց մեծ ու աննկարագրելի կարևոր առավելություն է։
Շնորհավորում եմ բոլորիս։
2. Կենցաղային խնդիրների լուծման հարաբերական արագություն
Քանի որ Հայաստանը դեռևս շատ հեռու է ծառայությունների մատուցման և դրանց կազմակերպման արևմտյան խիստ ստանդարտիզացված, բյուրոկրատիզացված մոդելից` սա հանգեցնում է նրան, որ Հայաստանում ցանկացած սպոնտան կենցաղային խնդիր կարող է շատ արագ լուծում ստանալ։ Օրինակ` ժամի հինգին լինդդ բորբոքվեց` արդեն ժամի վեցին դու մեծ հավանականությամբ կգտնես ատամնաբույժ, ով կօգնի քեզ։
Տանդ մեջ ունիտազը ճաքեց` մի երկու ժամում կարող ես լուծել այդ հարցը ևս։
Օպելիդ մեջ գազի բալոնը պայթեց` թաղումդ կկազմակերպվի շատ արագ և առանց խոչընդոտների։
Ու էսպես շարունակ։
Թե ինչպիսին կլինի մատուցված ծառայության որակը` սա արդեն մեկ այլ հարց է, բայց այն, որ Հայաստանում առօրյա պրոբլեմների լուծումը շատ ավելի քիչ ժամանակ ու թղթաբանություն կամ հերթ է պահանջում` հաստատ է։ Ու սա խոշոր առավելություն է։
3. Ծառայությունների արժեքը
Հայաստանը դեռևս պատկանում է այն երկրների շարքին, որտեղ մասնագիտական ծառայությունները հարաբերականորեն էժան են։ Կրկին` որակի մասին դեռ չենք խոսում։ Խոսքը լոկ գնի մասին է։ Երևանում կամ Կապանում դուք չեք սնանկանա շտապ օգնության կամ տերտերի կամ ատաղծագործի, կամ չգիտեմ` դերձակի ծառայություններին չպլանավորած դիմելիս։
Ավաղ, այստեղ արդեն դիտվում է բացասական դինամիկա դեպի թանկացում։ Սակայն դեռևս կարելի է արձանագրել, որ կենցաղային ծառայությունները համեմատաբար հասանելի են գրեթե ողջ բնակչության համար։
3. Թարմ մրգերի սեզոնային հասանելիություն մեծ քանակությամբ
Հայաստանի հաջորդ առավելությունը տեղական մրգերն են` ամռանը։
Այստեղ դու կարող ես տաք սեզոնին կիլոներով թարմ մրգեր առնել և անուշ անել, առանց սնանկանալու։ Սա շատ հաճելի առավելություն է։ Սակայն էստեղ նույնպես դիտվում է բացասական դինամիկա, թե գնի ու թե որակի առումով։
4. Խոսքի ազատություն և հետադարձ կապ պետական ապարատի հետ
Որքան էլ որ բազմաթիվ օգտատերեր դժգոհ են ներկայիս իշխանություններից` մի բան հաստատ է. Հայաստանում գործում է խոսքի ազատություն։ Այստեղ շատ հեշտ է դժգոհել, քննադատել, ցույց անել, առիթ-անառիթ սկանդալ կազմակերպել և բարձրաձայնել այս կամ այն գերատեսչության կամ առանձին չինովնիկի թերի աշխատանքը։
Սա շատ գնահատելի առավելություն է։
5. Հարաբերականորեն կայացած IT ոլորտ
Հայաստանի վերջին առավելությունը, որը արժանի է հիշատակման, իհարկե` IT ոլորտն է։ Սա հայաստանյան տնտեսության միակ լուսավոր և քիչ թե շատ առողջ դաշտն է, որտեղ միշտ հասանելի են հարաբերականորեն բարձր վարձատրվող և ամենակարևորը` կայուն աշխատատեղեր։ IT ոլորտի հաշվին երկրում ձևավորվել միջին խավ հիշեցնող ինչ-որ բան, որը թեև դեռ փոքրաթիվ է, սակայն արդեն վճռորոշ տնտեսական դեր ունի գոնե Երևանի կյանքում։
----------
Այսքանով, ցավոք, Հայաստանում հիշատակման արժանի և ապացուցելի, օբյեկտիվ առավելություններն ավարտվում են։ Կան, իհարկե, մի շարք սոցիալական, տնտեսական երևույթներ, որոնք գտնվում են միջին, այսպես ասած` տանելի և հարաբերականորեն ընդունելի մակարդակներում, սակայն դրանք որպես առավելություն ես չեմ կարող առանձնացնել, քանի որ գլոբալիզացված աշխարհում նման երևույթներ առկա են պլյուս-մինուս ողջ մոլորակով մեկ։
//ԲԱՑԱՍԱԿԱՆ//
1. Ներքաղաքական անկայունություն և պատերազմի վտանգ
Հայաստանում ապրելու գլխավոր, ամենամեծ, ամենասարսափելի, ամենամահացու, ամենավանող, ամենատհաճ և մյուս բոլոր առավելությունները պարզապես զրոյացնող գործոնը...այո, ընկերներ...պատերազմն է ու դրա կրկնվելու վտանգը։ Չլինի այդ վտանգը` Հայաստանը կհամարվի սովորական միջին, միջինից ցածր մակարդակի զարգացող երկիր, իսկ արդեն այս վտանգով հանդերձ` Բազմաչարչարը միանգամից դասվում է Երկիր մոլորակի «ոռիծակերի» շարքին։ Սիրիա, Իրաք, Եթովպիա, Ադրբեջան, Ուկրաինա...ցավոք, մենք հենց այս զամբյուղում ենք, իսկ էս զամբյուղի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ։
Ներքաղաքական անկայունությունը հաջորդ աղետն է Հայաստանում։ Պարբերաբար կրկնվող հեղափոխություններ, հեղաշրջման փորձեր, քաղաքական սպանություններ, խարդավանքներ, չկայացած քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներ։ Այս ամենը բերում է երկրի տնտեսական, սոցիալական և հենց քաղաքական դեգրադացման։ Հայաստանը նման է բազմաբնակարան շենքի այն խելագար ընտանիքներից մեկին, որը անընդհատ սկանդալների ու տուրուդմփոցների մեջ է, թե տան ներսում, թե կողքի հարևանների հետ։
Ո՞վ կուզի հյուր գնալ այսպիսի ընտանիքին։
Թերևս ոչ ոք։
3. Սահմանափակ տնտեսություն
Պատերազմի վտանգը, շրջափակումը, արտագաղթն ու ներքաղաքական անկայունությունը բնականաբար հանգեցնում են անմրցունակ և տկար տնտեսական վիճակին։
Նորություն չեմ բացահայտի, որ ասեմ, թե Հայաստանում չկան ու չեն նախանշվում խոշոր արտասահմանյան ներդրումներ։ Որովհետև ոչ ոք չի ուզում մեծ գումարներ ներդնել մոլորակի ոռիծակերում։ Սա բնական է։ Ցավոք, Հայաստանում նույնիսկ նավթ կամ գազ չկա։
4. Ցածր մակարդակի ծառայություններ
Ու թեև վերևում ես նշել եմ, որ ծառայությունները Հայաստանում հասանելի են ու, որպես կանոն, արագ իրականացվող, սակայն միևնույն ժամանակ դրանց մեծամասնությունը չափազանց ցածր որակի է։ Հայաստանում շատ դժվար է գտնել ինչ-որ գործի իսկապես արհեստավարժ մասնագետ` դերձակից, մինչև ճարտարապետ, ատաղծագործից մինչև հոգի կանչող։ Չկան, ախպերիկ. էս երկրում լավ մասնագետների կարելի է հաշվել մատների վրա։ Եղածներն էլ կոսմիկ գներ ունեն, տեղ-տեղ հաբռգած են, անհասանելի։
5. Սաստկացող գնաճ / այդ ֆոնին ցածր միջին աշխատավարձ/ վարկավորման բարձր տոկոսադրույք
6. Շատ ցածր մակարդակի, անմրցունակ կրթություն
7. Միջինից ցածր մակարդակի առողջապահություն (բացառությամբ թերևս ատամնաբուժական ոլորտի ու կարդիովիրաբուժությանը)
8. Աֆրիկյան մակարդակի տրանսպորտային չհամակարգ
9. Ցածրագուն որակի ենթակառուցվածքներ և բնակֆոնդ։
Այո, արևմտյան մարդու աչքերում Հայաստանի քաղաքները մեծ գետտոներ են, որտեղ սակայն անվտանգ է
10. Շրջակա միջավայրի աղտոտվածություն
11. Օդի աղտոտվածություն
12. Ձայնային աղտոտվածություն
Հայաստանի բնակավայրերում մեծապես ոտնահարվում է քաղաքացու հանգստի իրավունքը, ի դեմս աղմուկի չեզոքացման բացակայության։ Լինի կիրակի, թե շաբաթ, լինի կեսօր, թե ուշ գիշեր` Հայաստանում անընդհատ և անպատիժ աղմկում են` ով ուզի, ոնց ուզի, որքան բարձր ուզի։
13.Սեռային, սեռական, ռասայական, կրոնական խտրականության դրսևորումներ ողջ երկրով մեկ։
Եթե դուք Հայաստանում ապրող Եհովայի վկա տրանսգենդեր եք կամ հնդիկ բանվոր, ապա պատրաստ եղեք պարբերաբար կրկնվող ծաղրանքներին, հեգնական վերաբերմունքին, ինչու չէ նաև վերբալ և ոչ վերբալ տեսակի ամենատարբեր կտտանքներին ձեր անձի նկատմամբ։
Ցավոք, նույնը հաճախ վերաբերում է նաև սովորական կանանց և աղջիկներին մարզային համայնքներում։
14. Պարտադիր զորակոչ
Իմ համեստ կարծիքով` տվյալ երկրի համար մեծ թերություն է սեռով պայմանավորված և առանց իր կամքի, քաղաքացուն պարտադրելը զբաղվել զինվորական գործով, այն էլ 24 ամիս տևողությամբ, այն էլ հարմարավետից շատ հեռու պայմաններում։
Իհարկե` շատերը կհակառակվեն, որ սա ստիպված լուծում է` հաշվի առնելով արտաքին վտանգը, սակայն միևնույն է` ստիպված կամ չստիպված այս երևույթը կա, առկա է։ Եվ ես դիտարկում եմ այն որպես քաղաքացու կյանքի որակը նկատելի իջեցնող մի բացասական բան։ Դուք այլ կերպ եք գտնում` ձեր գործն է։

15.Հնարավորությունների անհավասարաչափ բաշխում

Կրկին գաղտնիք չեմ բացահայտի, երբ պատմեմ ձեզ, թե ինչ տեսակ տնտեսական տարբերություններ կան Երևանի կենտրոնի և մնացյալ ողջ Հայաստանի միջև։ Սա նույնպես աղետ է։ Եթե դուք ծնվել եք Աշոցքում, ապա դուք մեծ հավանականությամբ շատ, շատ ավելի շատ եք տառապելու, քան նա, ով ծնվել է Սայաթ Նովայի վրա, կամ նույնիսկ Դավիթաշենում։

16. Մշակութային/սպորտային աղքատիկ կյանք
Մշակույթի և սպորտի տեսակետից Հայաստանում ձանձրալի է։ Իսկ ինչ էլ որ կատարվում է, կրկին, 98 տոկոսով տեղ ունի Երևանի կենտրոնում։
17. Երկրաշարժի վտանգ և դրա հետևանքներին դիմակայելու կասկածելի պատրաստվածություն
Ցավոք, ցավոք, ու նորից` շատ ցավոք, բայց բոլորս էլ գիտենք, որ Հինավուրցում, ցանկացած պահի, կարող է գրանցվել բոզիտղա ուժգին երկրաշարժ։ Սակայն հաշվի առնելով նախկին փորձն ու ներկայիս քաղաքաշինական իրավիճակը` անձամբ ինձ մոտ մեծ է վախը, որ ունենալու ենք նոր Սպիտակ` տասնյակ հազարավոր զոհերով, ավերածություններով, քաոսով բանով։
ԱՅՍՔԱՆԸ
Ախպերիկ, եթե ինձ եք հարցնում, ապա պատերազմի վտանգի ու դրա հետևանքների բացակայության պարագայում` նեյտրալ, օբյեկտիվ աչքով դիտելիս, Հայաստանը էսպես միջինից ցածր մակարդակի բարեկեցությամբ երկիր է, որը կարող է տարիներ հետո դառնալ միջին+ մակարդակի երկիր։
Ընդհանուր` 4.5 բալ 10-ից։
Ոչ հրաշալի է, ոչ սարսափելի։

Խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում գրեք, թե դուք ի՞նչ կարծիքի եք այս ամենի վերաբերյալ։

Շնորհակալություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին