Կարևոր իրադարձություններ

Բաքուն կրակոցներով արտահայտում է իր դժգոհությունն Արցախի շուրջ բանակցություններում իրեն ոչ ձեռնտու զարգացումների վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետություն»

08 Դեկտեմբեր, 2021 09:43
Բաքուն կրակոցներով արտահայտում է իր դժգոհությունն Արցախի շուրջ բանակցություններում իրեն ոչ ձեռնտու զարգացումների վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում արձանագրվեց հրադադարի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 2-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակահերթեր են արձակել, որոնք տեւել են 10-15 րոպե։ Ադրբեջանցիները կիրառել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Հրադադարն արձանագրվել է  հայկական խոշոր բնակավայրի հարեւանությամբ, եւ կրակոցների ձայները մոտիկից լսել են տեղի բնակիչները: Միջադեպը հաջորդեց Սոչիի հանդիպմանը, որտեղ ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող խախտումներն Ալիեւը բնութագրեց որպես համակարգային խնդրի պատահական դրսեւորումներ:

Սոչիի հանդիպումից կարճ ժամանակ անց Արցախի բնակավայրի բնակելի տների ուղղությամբ արձակած այս կրակահերթերից կարելի է ենթադրել, որ Ալիեւի արդարացումն ընդունվել է, եւ վերջինս իրեն նեղություն չի տալիս զինված ուժերին ասելու, որ եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի պահանջը կատարեն, եւ ստացվում է, որ ադրբեջանցի զինվորն ազատ է համակարգային խնդրի շրջանակներում պարբերաբար կրակելու հայկական գյուղերի ուղղությամբ:  Պաշտոնական Բաքվի նման պահվածքն առաջին հերթին Արցախի խաղաղ բնակչությանը վախի մթնոլորտում պահելու քաղաքականության շրջանակներում է: Արդեն մի քանի սերունդ պատերազմ տեսած արցախցուն դժվար է նման կրակոցներով վախեցնել: Այս պարզ ճշմարտությունը հասու չէ Ադրբեջանի առաջնորդին, քանի որ արցախյան նախորդ պատերազմներում նա տեսել է, թե ինչպես մի քանի արկի պայթյունից հետո ողջ արեւմտյան Ադրբեջանը փախչում է դեպի Բաքու: Ադրբեջանի քաղաքական վերնախավը պետք է վաղուց հասկանար այդ պարզ ճշմարտությունը, բայց հայտնի ընտանի կենդանու համառությամբ շարունակում է դիմացինին իր «արշինով չափել»:

Մյուս կողմից՝ հրադադարների խախտման նման դեպքերը Բաքվի համար դարձել են քաղաքական խոսույթի տարր: Վերջինս այդ կրակոցներով արտահայտում է իր դժգոհությունն Արցախի շուրջ բանակցություններում իրեն ոչ ձեռնտու զարգացումների վերաբերյալ: Պարզվում է, որ այդ տրամաբանության համաձայն՝ վերջին կրակոցների համար էական նախադրյալներ կային:

Կարմիր շուկայի հարեւանությամբ հերթական կրակոցնրը հնչել են այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով բանակցություններն ընդհատվել են, իսկ ընդհատման պատճառը հերթական անգամ Ադրբեջանի առավելապաշտական ձգտումներն են եղել: Ինչպես հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանը կրկին բանակցություններում առաջ է քաշել Սյունիքով վերաբացվելիք ճանապարհի հարցում միջանցքի տրամաբանությունը: Սա` այն դեպքում, երբ Սոչիի եռակողմ հանդիպման ամփոփիչ ասուլիսում ունեցած խոսքից կարծես թե երեւում էր, որ Ալիեւը հասկացել է Հայաստանի տարածքով միջանցքի բացման անհնարինությունը: Բաքվի առաջնորդն իր խոսքում օգտագործեց տրանսպորտային երակներ ձեւակերպումը:

Փոխվարչապետերի եռակողմ բանակցությունները վերսկսվելու են մի քանի օրից, եւ կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ծայրահեղ դիրքորոշումից, քանի որ այդ բանակցությունների արդյունքներին սպասում են երեք երկրի ղեկավարները, որոնց հերթական հանդիպումը նախանշված է առաջիկայում՝ հենց փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի քննարկումների արդյունքների շուրջ:

Պարզ է, որ հետպատերազմյան կարգավորումներով որոշակի հանգրվանի հասնելու այս քայլերը պետք է արդյունք տան մինչեւ բրյուսելյան հանդիպումը, հետեւաբար, Ադրբեջանը ստիպված կլինի մեղմել իր դիրքորոշումը, հակառակ դեպքում վատ դրության մեջ կդնի ՌԴ-ին, որը միջնորդական ահռելի ջանքեր է գործադրում Արցախի շուրջ իրավիճակը կայուն պահելու ուղղությամբ: Իսկ քաղաքական բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ իրավիճակի նման ապակայունացումներով իր համար բացարձակ ձեռնտու որոշումների հասնելու մարտավարությունը չի աշխատել ու չի աշխատելու, եւ դրանք ընդամենը որպես եռակողմ հայտարարության խախտման հերթական դեպքեր կարձանագրվեն՝ Ադրբեջանի անփոփոխ հեղինակությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 



 

 

Լրահոս

Դիտել ավելին