Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը նոյեմբերի 17-ին Երևանի Ագաթանգեղոսի փողոցում հետապնդել և բռնել է 21-ամյա երիտասարդի, որը խանութից 8 տաբատ էր հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Ոստիկանության զորքերի մի զորամասի ծառայություններից մեկի պետ Անդրանիկ Նիկողոսյանը նոյեմբերի 17-ին, ժամը 20.23-ի սահմաններում, մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում նկատել է հագուստը ձեռքին փախչող մի երիտասարդի, որին հետապնդում էր մի աղջիկ։ Երիտասարդը վազելիս նետել է հագուստը։ Ոստիկանության զորքերի ծառայողը հետապնդել ու բռնել է նրան, ապա, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարզվել է, որ Երևանի 21-ամյա բնակչը բռնվելուց վայրկյաններ առաջ Ագաթանգեղոսի փողոցի խանութներից մեկում բացահայտ հափշտակել էր 8 տաբատ ու փախել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը հայտնաբերվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: