Կարևոր իրադարձություններ

Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում. «Հայաստանի Հանրապետություն»

16 Նոյեմբեր, 2021 09:12
Արցախյան պատերազմը՝ պանթյուրքիզմի համատեքստում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Արցախի Հանրապետության դեմ հրահրված ագրեսիան ամբողջովին տեղավորվում է մեծ Թուրան կառուցելու տեսլականի մեջ, եւ լիովին օրինաչափ էր, որ 44-օրյա պատերազմը հրահրեց եւ դրանում անմիջականորեն ներգրավվեց պանթյուրքիզմի գաղափարախոսության վերակենդանացնողը՝ Էրդողանը: Այսօր պաշտոնական Անկարան առանձնապես չի էլ ցանկանում քողարկել այդ հանցավոր գործողությունների հեղինակը լինելու փաստը: Արցախյան երրորդ պատերազմից մեկ տարի անց համարելով, որ «հաղթահարված» է Էրդողանի երազանքի իրականացման հերթական խոչընդոտը, Անկարան երեկ հրավիրել էր «Թյուրքական աշխարհ. 2040» խորագրով թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ժամանակ Մեւլյութ Չավուշօղլուն, ակնարկելով արցախյան պատերազմը, շեշտել է, որ դեպի Կասպից ծով ընդլայնման հարցը լուծված է: «Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջեւ առեւտուրը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կարեւորելով թյուրքական երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը: Այդ տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը եւ թյուրքական խորհրդի անդամ երկրներին հորդորել որքան հնարավոր է շուտ ստորագրել «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթից պարզ է դառնում, որ դեպի պանթյուրքիզմ ճանապարհին Անկարան սկսում է նոր փուլ՝ ավելի գործնական ծրագրերով, ինչը փաստում է, որ հետխորհրդային ժամանակահատվածում թյուրքական մեծ տարածքի ձեւավորմանը խոչընդոտում էին հիմնականում Արցախի Հանրապետության հարավային տարածքները: Համաժողովում Չավուշօղլուն հայտնել է, որ թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը, եւ դրանում տեղ գտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է նաեւ քայլերի կիրարկման 5-ամյա ծրագրի մասին փաստաթուղթ: Համաժողովում առաջարկվել է առաջին նման փաստաթուղթն ընդունել արդեն 2022 թ. առաջին եռամսյակում:

Այսօր միանշանակ կարելի է ասել, որ թյուրքական խորհրդի ձեւավորման հիմնական նպատակն Արցախի տարածքները զավթելը եւ Նախիջեւանով` Արաքսի հովտով դեպի Կասպից ծով ելքի ապահովումն է: Պատահական չէ, որ 2009 թ. հոկտեմբերի 3-ին այն ստեղծվել է հենց Նախիջեւանում, եւ դրանում ընդգրկվել են արեւմուտքից արեւելք ձգվող գծում գտնվող չորս պետություններ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը եւ  Ղրղզստանը, իսկ միջինասիական մյուս երկու թյուրքական պետությունները՝ Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, նախընտրել են չընդգրկվել խորհրդի կազմում:

Այստեղ պետք է նկատել, որ պանթյուրքիզմի կառուցման էրդողանի երազանքի իրագործման ձգտումների թիրախում է նաեւ Իրանը, որտեղ բնակվում են զգալի թվով թրքալեզու իրանցիներ: Թուրքիայի նման ծավալապաշտական ձգտումները  Հայաստանի եւ Իրանի համար անվտանգային օրակարգի վերին հորիզոնական են մղում համապատասխանաբար Սյունիքի եւ Հյուսիսային Իրանի անվտանգության ուժեղացման հարցերը:

Մեծ թվով թյուրքախոս բնակչություն կա նաեւ Ռուսաստանում եւ Չինաստանում, որը նույնպես լուրջ խնդիր է այդ երկրների համար, առավել եւս, որ վերջիններս հիմնականում բնակվում են կոմպակտ տարածքներում: ՌԴ-ում նրանք ապրում են Թաթարստանում եւ Ղրիմում: Մասնավորապես Թաթարստանում շատացել են դեպքերը, երբ ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության տակ մասսայական սպանություններ են տեղի ունենում: Այլ կերպ ասած՝ եթե թյուրքական խորհուրդն առանձին պետությունների համար ինտեգրում է նշանակում, ապա որոշ երկրների համար ներքին անջատողական գործընթացների խթան է: Օրինաչափ է, որ Անկարայում կազմակերպված այդ գագաթնաժողովի օրը Թուրքիա մեկնեց նաեւ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանն այսօր Թուրքիայի ձեռքում իր խնդիրները լուծելու հիմնական գործիքներից է:

Թյուրքական խորհրդի ձեւավորումից ի վեր նրա քողի տակ տարածաշրջանում ծավալվել են ապակայունացնող եւ աղետալի գործողություններ, որոնք արդեն համամարդկային ծավալներ են ստանում, եւ դրանք միջազգային հանրության համապատասխան վերաբերմունքին պետք է արժանանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին