Այսօր տեղի ունեցող կառավարության նիստի ընթացքում կքննարկվի Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագիծ, ըստ որի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը կվերացվի և կստեղծվեն երկու առանձին, ինքնուրույն, մասնագիտացված պալատներ՝ քաղաքացիական ու վարչական։
Արդարադատության նախարարության ներկայացմամբ այդ կերպ կստեղծվեն երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը ապահովելու համար։ Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից 5-ը մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարումն սկսելը կամ մասնագիտացված վարչական արդարադատության ներդնումը ունեցել են վարչական մասնագիտացում կամ վարչական ոլորտի, հանրային իրավահարաբերություններից բխող գործերի քննության փորձառություն։
Նախարարությունը ընդգծում է նաև այն փաստը, որ առանձին վարչական պալատներ Վճռաբեկի կազմում գործում են Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեդիայում, Վրաստանում, Լատվիայում ու Լիտվայում։