Կարևոր իրադարձություններ

Այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով․ Իրանում ՀՀ նախկին դեսպան

02 Նոյեմբեր, 2021 16:14
Այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով․ Իրանում ՀՀ նախկին դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդեն նախկին դեսպան Արտաշես Թումանյանի հրաժեշտի խոսքը․

«Ավարտելով իմ գործունեությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով։

Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը և նրա մարդկանց, փորձեցի խորությամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին և նրա մեծ մշակույթը։

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ հագեցած ու չափազանց հետաքրքիր։ Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման կարևոր շրջափուլ։ Այն նաև համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաև դրամատիկ իրադարձությունների հետ՝ համավարակ, 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ։

Ամփոփելով ՀՀ դեսպանության վերջին շուրջ յոթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ երախտագիտություն եմ հայտնում իմ սիրեի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարավորություն է ընձեռնվել։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ դեսպանությունում աշխատած դիվանագետներին և բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։

Իմ հատուկ երախտիքի խոսքն եմ հղում մեր սիրելի իրանահայ քույրերին և եղբայրներին, ովքեր մշտապես եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ և հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատվածում։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սոցիալական ցանցերի մեր հետևորդներին, լրագրողներին և փորձագետներին, ում մշտական հոգատար և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև պահանջկոտ կեցվածքը չափազանց կարևոր է եղել դեսպանության և ինձ համար։

Աշխատանքային մեծ հաջողություններ եմ մաղթում իմ հարգելի գործընկերոջը՝ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանին, այդ չափազանց պատասխանատու պաշտոնում։

Բարին ընդ ձեզ»։

 

Լրահոս

Դիտել ավելին