Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489,5

  • EUR

    543
    555

  • RUB

    6,39
    6,63

Կարևոր իրադարձություններ

Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք. Կարեն Սարգսյան

30 Հոկտեմբեր, 2021 10:47
Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք. Կարեն Սարգսյան
Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա առթիվ:

«Մենք ներկայացնում ենք մի կարևորագույն կառույց, որին վստահված է երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, դրանց դեմ պայքարելու բարդ ու պատասխանատու առաքելությունը:

Ծառայությունն իր մեջ առաջին հերթին ներառում է մարդասիրություն, օգնություն, բարություն: Մեր յուրաքանչյուր ծառայող քաջ գիտակցում է, որ մարդասիրությունն է, որ պիտի փրկի աշխարհը՝ կյանքը լցնելով միայն բարությամբ: Ուստի փրկարար ոլորտի գործունեության հիմքում մարդու և նրա իրավունքների հանդեպ խորը հարգանքն է:

Հիմնադրման օրվանից, Արցախում իր գործունեության 29 տարիների ընթացքում, ԱԻ ծառայությունն արժանապատվորեն է իրականացրել իր առջև դրված խնդիրն ու աքելությունը: Իսկ ռազմական դրության օրերին իրենց աշխատանքով ոչ միայն պատերազմող Արցախից խաղաղության կոչ էին բարձրացնում աշխարհին, այլև տարածում մարդասիրական արժեքներ:

Այդպես էր արցախյան առաջին պատերազմում, երբ կառույցը նոր էր ձևավորվել և բռնել կայացման ուղին: Այդպես էր և 2016-ին՝ ապրիլյան առճակատման օրերին: Սակայն, 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողություններն ամբողջովին փոխեցին իրականությունը և իրենց անձնվեր ծառայության համար Արցախի փրկարարները մեր հայրենակիցների կողմից  արժանացան ամենամեծ գնահատանքին, վաստակելով՝ «Տարվա հերոսներ» բարձրագույն կոչումը:
   
Ծառայությունը կարևորագույն դերակատարություն ունեցավ պատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում: Երբ հրթիռակոծվում էին խաղաղ բնակավայրերը, փրկարարները վտանգելով սեփական կյանքը, օդային տագնապի խլացնող ազդանշանի ուղեկցությամբ արձագանքում էին բոլոր արտակարգ  կանչերին, բռնկված հրդեհների դեպքում արագ կազմակերպում հրդեհաշիջման աշխատանքներ, փլված ու ավերված շենք-շինություններում  կատարում որոնողափրկարարական  աշխատանքներ, հումանիտար օգնություն տրամադրում  ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին:
 
Ակտիվորեն համագործակցելով Պաշտպանության բանակի, առողջապահության նախարարության և այլ շահագրգիռ կառույցների հետ փրկարարները նաև ռազմական գործողությունների էպիկենտրոնում էին՝ զոհված և վիրավորում ստացած զինծառայողներին տարհանելու նպատակով:
 
Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար ԱԻՊԾ-ն իրացրեց ողջ ներուժն ու գործիքակազմը:
 
Այսօր էլ, երբ պատերազմ չէ ու խաղաղություն չէ, փրկարար-ծառայողները շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ ու մասունքներ:
 
Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սակրավորական խմբերին վերապահվել է Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ սպառնացող ռազմամթերքից: Այդ պատասխանատու աշխատանքի արդյունքում, մինչ օրս քաղաքացիական բնակչության շրջանում դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել:
 
Ծառայողական գործունեության այս մակարդակը, որն ունենք այսօր, վկայում է մեր ծառայողների մասնագիտական ու գործառական  բարձր պատրաստվածության մասին:

Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտապարտ Ձեր նվիրվածության համար: Ուրախ եմ, որ ունեմ Ձեր նման պատասխանատու համածառայակից ընկերներ, և որ ձեզնից մեկը ես եմ:
 
Մենք միասին անցել և անցնում ենք չափազանց բարդ ու դժվարին ճանապարհ և դեռ շատ անելիքներ ունենք:  
 
Մեր պատասխանատու աշխատանքից է նաև մեծապես կախված երկրի առաջընթացը, ներքին անվտանգության ապահովումը, ներքին համերաշխության ձևավորումը:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Կարեն Սարգսյանի ուղերձում։

Լրահոս

Դիտել ավելին