Կարևոր իրադարձություններ

Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում. Արտակ Բեգլարյան

26 Հոկտեմբեր, 2021 10:39
 Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պետական նախարարը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունը Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը:

Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Նա ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլև՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում՝ նշելով, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին