Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը

22 Հոկտեմբեր, 2021 17:54
Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդուարդ Աղաջանյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Խոսելով երկկողմ կապերից՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ Էդուարդ Աղաջանյանն այս հարցում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ եւ արդյունավետ գործունեությունը:Նշվել է, որ Ազգային ժողովում շուտով կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը եւս կարեւորել է հայ-իտալական հարաբերություների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արժեւորել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:   

 

Լրահոս

Դիտել ավելին