Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը

21 Հոկտեմբեր, 2021 19:36
Մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը

Այսօր Երևանում մեկնարկել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը։ Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որ ոլորտն ունեցել է  վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նշվել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ  շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա՝ 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ,  աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000, իսկ 2025թ արդեն նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝  35 հազարի։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած  քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի, և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է.

«Առաջիկայում Ազգային ժողովի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ  օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը և կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը և հաջորդ առաջնահերթությունները»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԲՏԱ նախարարը՝ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով.

«Պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն  իր նոր ծրագրում առանձնակի ուշադրություն է դարձրել այս բնագավառին։ Հայաստանի զարգացման այլ ճանապարհ չկա։ Ցանկացած երկիր, որն ուզում է զարգանալ, ուզում է ավելի բարեկեցիկ ապրել, առաջին հերթին պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ ավելացված արժեքն իր երկրի ներսում ստեղծվի։ Մինչ այժմ իրականացվող քաղաքականությունն այս  տրամաբանության մեջ չի եղել։ Հիմա 180 աստիճանով փոխվել է։ Հիմա ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են դրան։ Այսինքն՝ մենք այնպիսի մի միջավայր ենք ստեղծում, որտեղ գործարարները կամ ծրագրերը, որոնք իրականացվում են մասնավորի ու պետության կողմից, պետք է նպաստեն երկրում ավելացված արժեքի մեծացմանը։ Այս դեպքում, մենք կունենանք ավելի արտադրողական և որակյալ աշխատանք, ինչի արդյունքում կարող ենք հասնել այն նպատակներին, որն ամրագրված է 2050թ. ծրագրում»:

Համաշխարհային բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն էլ իր խոսքում նշել է,  որ շատ տպավորված է Հայաստանի ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտով։

«Դուք ստեղծում եք՝  հենվելով ժառանգության վրա, պատմության վրա, որպես շատ ուժեղ տեխնիկական հմտություններ ունեցող երկիր: Կա մի միտում, որը  շատ արագ տեմպերով առաջ է շարժվում աշխարհում, և այժմ  համաճարակի պատճառով էլ ավելի արագ զարգացում կա. մեծ պահանջարկ կա այն ծառայությունների նկատմամբ, որոնք դուք արտադրում եք:  Միևնույն ժամանակ, կա նաև հայկական սփյուռքի մեծ ներուժ և կառավարություն, որն իսկապես պատրաստ է ներդրումներ կատարել ոլորտում և  տեխնիկական փորձաքննություն իրականացնել՝ դրան աջակցելու համար: Այս առումով Համաշխարհային բանկի համար բավական հեշտ է  մասնակից լինել այս ամենին, և հենց դա է պատճառը, որ մենք ներգրավված ենք ինժեներական քաղաքի աշխատանքներում»,- ասել է նա:

 

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ն իր աշխատանքները հաջորդիվ կշարունակի Ինժեներական քաղաքում, Վանաձորում, Գյումրիում։ Շաբաթը կամփոփվի հոկտեմբերի 25-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին