ՀՀ շրջակա միջավայրի նախարարը՝ Ռոմանոս Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 14-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցություն-քննարկում է անցկացվել։
Քննարկվել են համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր՝ տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, տնկիների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Նոյեմբերի 14-ի համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․
. Շուրջ 200.000 փակ արմատային համակարգով տնկի հատկացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար,
.50.000 տնկի՝ մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ համայնքային հողերում ծառատունկ իրականացնելու համար,
.10.000 տնկի՝ դիմումատու կազմակերպություններին ու ընկերություններին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախանշած տարածքներում տնկելու համար։
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գ․ Գաբրիելյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, նախարարի՝ ոլորտը համակարգող նորանշանակ խորհրդական Ս․ Գրիգորյանը, նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ա․ Սահակյանը, Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը և ՊՈԱԿ-ների մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Իմ կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Հանձնարարել եմ առանձնակի ուշադրություն դարձնել ծառատունկի համար հատկացված տնկանյութի մատակարարումը ճշգրիտ կազմակերպելուն։