Կարևոր իրադարձություններ

Իրանից ժամանած երկու քաղաքացիների մոտ հայտնաբերվել են «մեթամֆետամին» և «մարիխուանա». ՊԵԿ (տեսանյութ)

15 Հոկտեմբեր, 2021 13:15
Իրանից ժամանած երկու քաղաքացիների մոտ հայտնաբերվել են «մեթամֆետամին» և «մարիխուանա». ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:

Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների ուղեբեռները, ինչպես նաև ավտոմեքենան։

Ճամպրուկներից մեկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել են 338․5 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 10․6 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք թաքցված են եղել տղամարդու անթև բաճկոնի գրպաններում: Իսկ վերոնշյալ տրանսպորտային միջոցի սրահում առկա փոքր խցիկի միջից հայտնաբերվել է 0․7 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով), որի շրջանակներում ԻԻՀ մեկ քաղաքացի կալանավորվել է:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին