Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

05 Հոկտեմբեր, 2021 15:39
Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին:

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հյուրերին ներկայացրել է հիմնանորոգված կրթօջախի դասասենյակները, տեխնիկական հնարավորությունները, կահավորանքն ու պայմանները:

Վարժարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և ավարտին հասցվել 2021 թ. ամռանը: Աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:

Դպրոցում շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև դպրոցի մանկավարժների հետ: Նախարարը տոնի կապակցությամբ շնորհավորել է ուսուցիչներին՝ մանկավարժական գործունեությունը որակելով որպես սուրբ գործ. «Մենք այլևս նորովի ենք արժևորում ուսուցչի դերը հասարակության մեջ, նրա կատարած աշխատանքի կարևորությունը բոլոր ասպարեզներում: Մեր ամենամեծ անվտանգությունը ճիշտ կրթությունն է: Սիրելի՛ ուսուցիչներ, դո՛ւք եք մեր հրամանատարները, ապագայի մտածելակերպ և որոշում կայացնելու ունակություն ձևավորողները»:

Վահրամ Դումանյանը նաև իր խոնարհումն է հայտնել այն ուսուցիչներին, որոնք, իրենց ներդրումն ունենալով մանկավարժության մեջ, արդեն անցել են վաստակած հանգստի:

Նախարարը տեղեկացրել է, որ կրթական համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և ոլորտի խնդիրներն առաջնային ցանկում են: Ամեն ինչ արվում է ներկա պայմաններում հնարավորինս բարելավելու ուսուցչի աշխատանքային պայմանները՝ ստեղծելով անհատական մոտեցմամբ տարբեր մեխանիզմներ: Ամփոփելով խոսքը՝ Վահրամ Դումանյանն ուսուցիչներին մաղթել է առողջություն և խաղաղություն, կրթությամբ հզորանալու ուժ և հաստատակամություն:

Այնուհետև ուսուցիչները գերատեսչության ղեկավարին հղել են հանրակրթության վերաբերյալ իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

Տոնի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է գործընկեր մանկավարժներին՝ խորհրդանշական համարելով շենքը, որտեղ տարիներ շարունակ մանկավարժներ են կրթվել: Ժ. Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ուսուցչի բարդ և միաժամանակ պատվաբեր աշխատանքը կդարձնեն ավելի դյուրին և հաճելի:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ հիմնանորոգված դպրոցում իրենք առավել ոգևորված են աշխատում՝ իրենց կոչմանը հավատարիմ:

Նշենք, որ դպրոցը հիմնանորոգելիս իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

Լրահոս

Դիտել ավելին