Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

05 Հոկտեմբեր, 2021 10:45
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար:

Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը:

Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում:

Լրահոս

Դիտել ավելին