Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է․ ԱՆ

05 Հոկտեմբեր, 2021 10:42
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ:

2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Չնայած նշված արգելքներին` արտադրողը կամ վաճառք իրականացնողը գտնում են ճանապարհ արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)/ էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն` ակնհայտորեն խախտելով օրենքը:

Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը

Համաձայն օրենքի` դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված է դրանց գովազդի բոլոր ձևերը:

Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:

Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:
Նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ: Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:

Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:

Տաքացվող ծխախոտ

Համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում գովազդի բոլոր ձևերի արգելքը:

Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է:

Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ:

ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում բուրավետիչներ:
Նիկոտինի և բուրավետիչների վնասի մասին արդեն նշել ենք վերևում: Բացի այդ, հայտնի է, որ ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը:

ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ: Ինչպես նաև հետազոտված չէ դրանց` ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Նիկոտինային կախվածությունից ազատվելու, անվճար խորհրդատվություն ստանալու համար դիմե՛ք «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»՝ 060 440001 հեռախոսահամարով:

Լրահոս

Դիտել ավելին