Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    546
    560

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը (տեսանյութ)

04 Հոկտեմբեր, 2021 22:52
 «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը (տեսանյութ)

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր երեկոյան տեղի է ունեցել գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը:

Գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը խորհրդանշական է համարել գիտաժողով-փառատոնի համերգներից մեկը Հանրապետության նախագահի նստավայրում անցկացնելը, քանի որ Կոմիտասի պատմական դերակատարությունը հայ ժողովրդի համար ենթադրում է իր ժառանգության արժևորում պետական ամենաբարձր մակարդակով։ «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դաշնամուրային երեկոյի կազմակերպումը մեր ինքնության այդ մեծ խորհրդանիշի՝ Կոմիտաս երևույթի հանդեպ պետական ամենաբարձր հովանավորություն արտահայտությունն է»,-նշել է Նիկոլայ Կոստանդյանը։

Նախագահ Սարգսյանը, ողջունելով կազմակերպիչներին և հյուրերին, մեծ պատիվ է համարել նախագահական նստավայրում Կոմիտասին նվիրված համերգը հյուրընկալելը: «Երբ խոսում ես Կոմիտասի մասին, ապա առաջին միտքը, որ գալիս է, մեր ազգային ինքնությունն է։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Այդ ներդրման հիմքում միշտ մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ով լինելն է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Կոմիտաս վարդապետը կարողացավ հանճարեղ պարզությամբ նկարագրել հայկական ինքնությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը կասկած ունի այս կամ այն երաժշտական գործի հայկականության հետ կապված, կարծում եմ՝ շատ պարզ բանաձև կա՝ այդ երաժշտությունը լսելուց հետո միացրեք Կոմիտաս, և եթե ներդաշնակություն զգաք, ապա այդ երաժշտությունը հայկական է»։

Նախագահը հաջողություններ ու ստեղծագործական նվաճումներ է մաղթել տաղանդաշատ դաշնակահարուհի Դիանա Սահակյանին: Համերգին Դիանա Սահակյանի կատարմամբ հնչել են կոմիտասյան հայտնի մեղեդիներ, ինչպես նաև ստեղծագործություններ համաշխարհային երաժշտական գանձարանից:

Լրահոս

Դիտել ավելին