Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության խախտման դեպքերին, երբ խախտում թույլ տված քաղաքացիները միանգամից ստանում են իրենց հաշիվների սառեցման մասին տեղեկատվություն:
Պատգամավորը նշեց, որ նման խնդիր ունեցել է նաև ինքը:
Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ով նշեց, որ այդ խնդրով ինքը հետևողական է եղել, տարբեր հանձնարարական են եղել, հանձնաժողովներ են ձևավորվել:
«Համալիր պետք է մոտենալ, ձեր բարձրացրած խնդիրները, իրավացի եք, և բոլորին է հուզում: Ձեր բարձրացրած խնդիրը միակը չէ այս ամբողջ շղթայի մեջ»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ Նախագահի համապատասխան հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Սառեցված հաշիվների վերաբերյալ նախարարն ասաց, որ Էլեկտրոնային համակարգում որոշակի տեխնիկական թերացումներ կան, սակայն աշխատանքներ են տարվում, որպեսզի այսուհետ քաղաքացին իր տուգանքների մասին էլեկտրոնային եղանակով համապատասխան անդորրագիր ստանա, և քաղաքացի-ծառայող շփում չլինի:
Վահան Բաբայանը համաձայնեց, որ իր բարձրացրած խնդիրը ավելի մեծ է և համալիր լուծման կարիք ունի:
«Ես Ձեր ձեռնարկներում Ձեզ ցանկանում եմ հաջողություն և պատարստ ենք ամեն ինչ անել, որ այս խնդիրը շուտ լուծվի»,- ասաց նա, իսկ նախարարն էլ վստահեցրեց, որ այս պահին էլ քայլեր են կատարվում առաջիկայում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, և բավարար կամք, պատրաստակամություն և միջոցներ ունի այդ ամենը իրականացնելու համար: