Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    557
    571

  • RUB

    6,52
    6,76

Կարևոր իրադարձություններ

 

Բեռլինում կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

10 Սեպտեմբեր, 2021 13:35
Բեռլինում կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը

Սեպտեմբերի 9-ին Բեռլինում կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից:

Նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 8-ին Բեռլին է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, գերմանական կողմինը՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) Մերձավոր Արևելքի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան և Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն պրոֆ. դր․ Կլաուդիա Վարնինգը:

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղություններով (կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, վերականգնվող էներգիա, շրջակա միջավայր, համայնքային զարգացում, ջրամատակարարում/ջրահեռացում և թափոնների կառավարում, ժողովրդավարություն/տեղական զարգացում) իրականացվող ծրագրերի բարեհաջող ընթացքը:

Քննարկվել են նաև ֆինանսական համագործակցության նախագծերին, մասնավորապես՝ կոմունալ ենթակառուցվածքներին, Կովկասյան էներգետիկ ծրագրերին, ինտեգրացիոն ջրային ռեսուրսների մենենջմենթին առնչվող հարցեր։

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացված բարեփոխումները, իրավական համակարգի բարեփոխումները, ՓՄՁ աջակցության ծրագրերը։

Երկուստեք կարևորվել է համատեղ իրականացվող բոլոր ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Կովիդ 19-ի հետևանքների վերացման ուղղությամբ։

Քննարկվել են նաև Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից իրականացվող BMZ 2030 բարեփոխումների ռազմավարության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։ Նշված ռազմավարության դրույթներից շատերը համահունչ են ՀՀ կառավարության նոր ծրագրին, մասնավորապես՝ կլիմա, առողջապահություն, թվային տեխնոլոգիաներ, ներդրումներ, տեղահանվածներին առնչվող ծրագրեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հնարավորինս արագ կազմակերպելու ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև Միջազգային համագործակցության ընկերություն (ՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակների հիմնման մասին համաձայնագրի ստորագրումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կառավարության և ԳԴՀ կառավարության միջև սեպտեմբերին ստորագրել ֆինանսական համագործակցության 2020 համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2016թ․նոյեմբերի 21-22-ը՝ Երևանում։

Լրահոս

Դիտել ավելին