Կարևոր իրադարձություններ

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը. Արարատ Միրզոյան

01 Սեպտեմբեր, 2021 21:31
Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել:

-Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։

-Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ, Ադրբեջանի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային կեղծ նկրտումները և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական իշխանությունների մշտական ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը նպաստող մթնոլորտի հաստատմանը:

Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին