Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

ԵՄ-ը և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում են տրամադրել Մարտունու բժշկական կենտրոնին. (լուսանկարներ)

27 Հուլիս, 2021 18:40
ԵՄ-ը և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում են տրամադրել Մարտունու բժշկական կենտրոնին. (լուսանկարներ)

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Նոր և ժամանակակից ռենտգեն սարքավորումը հնարավորություն է տալիս հիվանդանոցային պայմաններում կատարել ճշգրիտ և արագ ախտորոշում՝ ունենալով բարձրորակ պատկեր։ Ի տարբերություն ավանդական ռենտգեն սարքավորման՝ թվային տարբերակները չեն պահանջում մութ սենյակում պատկերի մշակում՝ այսպիսով խնայելով մշակման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները։ Ի հավելումն, թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հեշտությամբ պահպանել, փնտրել և ուղարկել բարձրորակ պատկերներ, ինչպես նայև հեշտությամբ հետևել հիվանդության ընթացքին։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այսօր այցելել են Մարտունու բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքավորումը։

 

«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահական համակարգի տեսլականն իրականացնելու գործում: Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատչումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին», - նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Կարծում եմ` սա իսկապես շատ կարևոր ներդրում Է բնակչության առողջության բարելավման ուղղությամբ: Ինչպես տեսնում եք, երկար տարիների գործընկերների հետ մեր ջանքերը շարունակական են եւ ուղղված են լինելու մարզային բժշկական կենտրոններում բուժօգնության որակը լավագույնին հասցնելուն»,- նշել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը համավարակի սկզբից Հայաստանի կողքին են՝ տրամադրելով անմիջական աջակցություն բուժաշխատողներին և առաջնային բուժանձնակազմին, ինչպես նաև նպաստելով առողջապական համակարգի հզորացմանը։ Համավարակի ավարտից հետո տրամադրված սարքավորումը կշարունակվի օգտագործվել ի օգուտ Հայաստանի քաղաքացիների։»,- ավելացրեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսը։

Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությանն են տրամադրվել թթվածնի 200 խտացուցիչ և 22 արհեստական շնչառության սարքեր, որոնք բաշխվել են Երևանում և մարզերում COVID-19-ով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներին։ Երկու ռենտգեն սարքավորումներ արդեն իսկ գնվել և տեղադրման փուլում են։ 2021թ․ ավարտին նախատեսվում է COVID-19-ով հիվանդներին սպասարկող ևս 4 հիվանդանոցների տրամադրել ռենտգեն սարքավորումներ։

Լրահոս

Դիտել ավելին