Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ

26 Հուլիս, 2021 18:16
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանն ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս ահազանգ եմ ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով իմ կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին։

Խնդրել եմ աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին