SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:Ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Վաչագան Ավագյանը Դավիթ Բեկի փողոցում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ անհայտ անձը Lexus մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների՝ ճանապարհ չզիջելու պատճառով Lexus-ի միջից ատրճանակով կրակոց է արձակել Opel-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է շարժիչի ծածկը: Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Ասատրյանը: Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը:
Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ոստիկաններին հայտնել է, որ չի ճանաչել Lexus-ի վարորդին և չի հիշում համարանիշները: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Lexus-ի համարանիշները և այն հուլիսի 21-ին հայտնաբերել են Ավան վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշներն են՝ 777 YZ 77, իսկ կասկածյալը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ա. Կ.-ն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին, որտեղ էլ վարույթ է ընդունվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: