Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

20 Հունիս, 2021 13:59
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Դատախազությունը կոչ է անում ընտրողներին չհանրայնացնել քվեախցիկում արված լուսանկարները

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը վերոնշյալի վերաբերյալ՝ ստորև.

«Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ:

ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ:

Իսկ քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և Դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ Դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով:

Եվ Դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու:

Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»:

Լրահոս

Դիտել ավելին