Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարք

17 Հունիս, 2021 15:31
ԵՄ-ն և ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն, որտեղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ընդունել է բժշկական սարքավորումների նոր խմբաքանակը:

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարք, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության՝ առավել լայն փաթեթի շրջանակում:
 
«COVID-19 համավարակով պայմանավորված՝ մենք կարևորում ենք բժշկական հաստատությունների վերազինումը համապատասխան սարքերով, որոնց միջոցով հնարավոր կլինի փրկել հիվանդների կյանքը և տրամադրել համարժեք խնամք։ Ի հավելումն, մենք աշխատում ենք բժշկական անձնակազմի կարողությունների հզորացման, ինչպես նաև COVID-19-ի ներհիվանդանոցային կառավարման ուղեցույցների մշակման ուղղությամբ»,- ասել է Եգոր Զայցևը:
 
«Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրում խիստ կարևոր է: ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունն անում են ամեն բան՝ ապահովելու բուժման համար անհրաժեշտ սարքավորումներն, ինչպես նաև պատվաստանյութերի հասանելիությունը: Այս փուլում գնահատելի է նաև Եվրամիության, ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը` հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցում»,- նշել է Լենա Նանուշյանը:
 
COVID-19-ի համավարակին ուղղված աջակցության շրջանակում ԵՄ-ն և ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակում են տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքեր, ինչպես նաև տարբեր նախագծերի միջոցով նպաստել առողջապահական համակարգի հզորացմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին