Կարևոր իրադարձություններ

Մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր. Գարեգին Բ

28 Մայիս, 2021 14:58
Մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր. Գարեգին Բ

Մայիսի 28-ի առավոտյան Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:
Աղոթք բարձրացվեց առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Մաղթանքի ավարտին այցելեցինք Սարդարապատի հուշահամալիր, որտեղ հուշակոթողի առջև ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթեցինք մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:

Առիթ ունեցանք զրույցի լրագրողների հետ։ Մեր խոսքում մասնավորապես նշեցինք.

«Ամեն տարի Հանրապետության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքը առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Այսօր ևս մեր աղոթքը բարձրացրեցինք՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի ու հայրենիքի վրա, որ պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից:

Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որպեսզի մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի և քաջալերվի Սարդարապատի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է մեծն բանաստեղծի՝ Պարույր Սևակի խոսքերով. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Այսօրվա Մեր պատգամը պիտի լինի, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի, և հայրենիքի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության, բարօր կյանքի կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը և պետականությանը: Թող Տիրոջ Աջը օգնական և պահապան լինի ազգիս հայոց այսօր և միշտ»»,- գրել է կաթողիկոսը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին