Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ. Քերոբյանը հանդիպել է Շիրակացու ճեմարանի սաների հետ

07 Մայիս, 2021 15:29
Հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ. Քերոբյանը հանդիպել է Շիրակացու ճեմարանի սաների հետ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։

Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։ 

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։ Նա ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության մշակած նոր տնտեսական հայեցակարգից հատվածներ և շեշտել, որ գիտելիքը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է, և մեր երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման անհրաժեշտությունն այսօրվա հրամայականն է։

«Հայաստանը գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին։ Հատուկ օժտված և տաղանդավոր երեխաները Հայաստանից և սփյուռքից այստեղ ստանում են լիարժեք և որակյալ կրթություն ճեմարանի հեղինակային ծրագրով, որը մշակել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

2010 թվականին ճեմարանը, տարածաշրջանում առաջինը, դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ («Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրում 182 նորարարական դպրոցների համաշխարհային ցանց է):

Ճեմարանի 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:

Լրահոս

Դիտել ավելին