ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կազանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Ռուսաստանի վարչապետն առաջարկել է հանձնարարել Եվրասիական միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության մեծացման և փոխադարձ ներդրումների ավելացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Միշուստինը Փաշինյանին ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:
«Նախ և առաջ կցանկանայի Ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից»,-ասել է ՌԴ վարչապետը։
Նա շեշտել է, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են երկարաժամկետ դաշնակցային ու ռազմավարական բնույթ:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,-ասել է Միշուստինը: