Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության ՀՀ դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա (տեսանյութ)

23 Ապրիլ, 2021 18:55
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության ՀՀ դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա (տեսանյութ)

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձան հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։

Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվեց ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը:

Լրահոս

Դիտել ավելին