Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքի գետնանցումներից մեկում պատանու են դանակահարել. ոստիկանություն (տեսանյութ)

23 Ապրիլ, 2021 14:39
Նոր Նորքի գետնանցումներից մեկում պատանու են դանակահարել. ոստիկանություն (տեսանյութ)

Ապրիլի 20-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Չնայած երիտասարդի հայտնածին՝ իրավապահները կասկածներ ունեին, որ վնասվածքը սուր-կտրող-ծակող առարկայի հարվածի հետևանք էր, ինչը պարզելու ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ պատանին դանակահարվել էր Նոր Նորքի 6-րդ զանգվածի գետնանցումներից մեկում։ Ճշտվեց նաև դանակահարողի ինքնությունը՝ Երևանի 17-ամյա բնակիչ էր։ Նա ապրիլի 21-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին