Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն

22 Ապրիլ, 2021 22:12
Արցախի ԱԺ-ն ընդունել է մի շարք օրենքներ և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 22-ին գումարած լիագումար նիստը վարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նիստին ներկա էին 30 պատգամավորներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է ապրիլի 22-ի նիստի հարցերի քննարկմանը:

 

Ըստ աղբյուրի՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԱԺ նախագահն առաջարկել է լիագումար նիստում քննարկել և ընդունել հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2020 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արթուր Ներսիսյանը:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողին, նաև հանդես են եկել հանրապետության գլխավոր լրատվամիջոցի բարելավմանն ուղղված, ինչպես նաև ազգային գաղափարախոսություն քարոզող հաղորդումների գործարկման առաջարկներով:

«Հաջորդիվ օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինափաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելուց հետո օրինափաթեթը դրվել է քվեարկության, որի արդյունքում 30 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունվել են որպես առանձին օրենքներ:

««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում հավանության էր արժանացել: Լիագումար նիստում օրենքի նախագիծը ևս միաձայն ընդունվել է որպես օրենք:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը ներկայացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հայտարարության բովանդակությունը ընդունվել է միաձայն:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի առաջարկով ԱԺ նախագահը բարձր ամբիոնից հրավիրել է ՀՀ ԱԺ նախագահին՝ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու Ստեփանակերտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության անդամներին ուղղված հարցերով: Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում 17 պատգամավորների կողմից հնչեցվել է 29 հարց: Դրանք վերաբերել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Արցախի հարցի շուրջ ընթացող աշխատանքներին, Արցախի բնակչության և պետական նշանակության ճանապարհների անվտանգությանը, հրադադարի խախտման դեպքերին, պատանդների և գերիների ճակատագրերին, վարկային արտոնությունների ծրագրի մեկնարկին, սոցիալական աջակցության ծրագրերի շարունակականությանը, սպաների բնակարանային ապահովմանը, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին աշխատատեղերով ապահովմանն ու վճարվող աշխատավարձերի անհամաչափ փոխհատուցմանը:

Նիստի եզրափակիչ փուլում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին