Կարևոր իրադարձություններ

Եթե որևէ ուժ կփորձի շեղվել քաղաքական պայմանավորվածությունից, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ կընտրի. Նիկոլ Փաշինյան

14 Ապրիլ, 2021 18:35
Եթե որևէ ուժ կփորձի շեղվել քաղաքական պայմանավորվածությունից, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ կընտրի. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարական տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Նրա խոսքով՝ հրաժարականից հետո 7-րդ օրը, համաձայն Հանրապետության նախագահի և խորհրդարանական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի կունենա վարչապետի ընտրություն:

««Իմ քայլը» խմբակցության կողմից ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս ուժերը, ըստ պայմանավորվածության, թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի, երկրորդ անգամ ես նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, և կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին»,- ասաց Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, վարչապետն ասաց, որ այն ուժերը, որոնք կգնան այլ ճանապարհով և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, քաղաքական ինքնասպանություն կգործեն, հետևաբար, ըստ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցությունն իրեն կընտրի վարչապետ և դրանով թեման կփակվի: 

«Կարծում եմ՝ որևէ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի»,- նշեց նա: 

Փաշինյանը վստահ է, որ հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունը չի կեղծելու ընտրությունների արդյունքները: «Ես ասել եմ, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց քաղաքացու քվեին չենք կպնի»,- ասաց վարչապետը՝ միաժամանակ հայտարարելով, որ այսօր արդեն երկրում կա համապատասխան մթնոլորտ արտահերթ ընտրություններ անցկացնելու, և ինքն այլևս այդ առումով մտահոգություն չունի: 

 

Լրահոս

Դիտել ավելին