Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ռազմագերիներ բերող օդանավը վայրէջք կատարեց առանց նրանց. վարչապետի պատասխանը

14 Ապրիլ, 2021 18:05
Ինչո՞ւ ռազմագերիներ բերող օդանավը վայրէջք կատարեց առանց նրանց. վարչապետի պատասխանը

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանի հետ ապրիլի 8-ին եղե՞լ է պայմանավորվածություն գերիների վերադարձի վերաբերյալ, և ինչո՞ւ է խախտվել պայմանավորվածությունը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սդրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի կողմից, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի: Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմի չի կատարում իր պարտավորությունները: Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ այս թեման շարունակաբար բարձրացվում է միջազգային ատյաններում:

«Ուզում եմ նշել, որ ՌԴ նախագահի հետ մենք արձանագրել ենք, որ այս հարցի մասին ունենք ընդհանուր պատկերացում: Անիմաստ է այն բանավեճը՝ տվյալ անձը դե յուրե ռազմագերի է, թե ոչ, որովհետև հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ: Ես ուրախ եմ արձանագրել, որ միջազգային հանրությունը Հայաստանի դիրքորոշումը հստակ պաշտպանում է»,- հավելեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին