Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս գեղեցիկ եւ նորաձեւ դիմահարդարվել. խորհուրդ է տալիս Մերի Ազոյանը

18 Հոկտեմբեր, 2015 12:20
Ինչպե՞ս գեղեցիկ եւ նորաձեւ դիմահարդարվել. խորհուրդ է տալիս Մերի Ազոյանը

Life.panorama.am-ի հետ այսօր իր մասնագիտական գիտելիքներով եւ գաղտնի հնարքներով է կիսվել Հովհաննես Ազոյանի կինը՝ դիմահարդար Մերի Ազոյանը:

Նորաձեւության տենդեցներին հետեւել սիրող աղջիկներին եւ կանանց Մերի Ազոյանը այս աշնան համար խորհուրդ տվեց վառ գույներ օգտագործել. «Այս աշնանը դիմահարդարման մեջ ակտուալ են վառ գույները, բավականին ընդգծված աչքերը եւ վառ ու տաք գույների շրթներկները. շատ նորաձեւ են հատկապես մուգ ալ կարմիրը (бордовый), մուգ մանուշակագույնը եւ անգամ սեւը»,- նշեց Մերի Ազոյանն ու հավելեց.

«Եթե առաջ դիմահարդարները խորհուրդ էին տալիս շեշտը դնել կամ շուրթերին կամ աչքերին՝ դրանցից միայն մեկը վառ գույնով ընդգծելով, ապա հիմա արդեն նորաձեւությունը թույլ է տալիս միաժամանակ վառ գույներով ընդգծել եւ աչքերը եւ շուրթերը, դա աշուն-ձմեռ 2015-ի թրենդն է համարվում դիմահարդարաման համար: Ի դեպ, շատ ակտուալ են նաեւ, երբ ընդգծվում են այտոսկրերը»:

Մերի Ազոյանն նկատեց նաեւ, որ այս տարվա թրենդների շարքում է այսպես կոչված «թաց էֆեկտը». «Այս տարի շատ նորաձեւ է հատուկ նյութով մաշկի արհեստական «թաց էֆեկտը», ինչը արվում է ջրային տոնային քսուկների միջոցով: Ընդ որում կարելի է մազերը ձիգ կապել եւ դեմքին օգտագործել այդ էֆեկտը: Պետք է նշեմ, որ սա նորաձեւ էր ողջ տարվա համար, սակայն ամռանը այդ էֆեկտը գուցե ճիշտ չընկալվեր, իսկ այ աշնանն այն իդեալական կդիտվի»,- նշեց նա:

Դիմահարդարը շեշտեց նաեւ, որ այս տարի նորաձեւության բարձրակետում են խիտ եւ երկար թարթիչները. «Այս տարի շատ նորաձեւ են երկար ու խիտ թաթրիչները, որոնք կարելի է ստանալ նաեւ արհեստական ճանապարհով: Ընդ որում, նորաձեւ է, երբ թաթրիչները խիտ եւ երկար են աչքերի եւ վերեւի, եւ ներքեւի հատվածում,- նկատեց նա ու հավելեց,- նորաձեւ է նաեւ աչքերի ներքեւի հատվածում տարբեր ստվերաներկեր օգտագործելը»:

Հարցին, թե որքանո՞վ է վտանգավոր ամեն օր տոնային քսուք օգտագործելը, դիմահարդարը պատասխանեց. «Իհարկե, սովորական, անգամ թանկարժեք տոնային քսուկները կարող են վնասել դեմքը ամենօրյա օգտագործումով, բայց կան հատուկ բժշկական, դեղատներում վաճառվող տոնային քսուկներ, որոնք կարելի է օգտագործել ամեն օր, հատկապես մաշկի որոշակի խնդիրներ ունեցող աղջիկներն ու կանայք, ովքեր ստիպված են պարտադիր ամեն օր օգտագործել տոնային քսուկներ, նպատակահարմար կլինի, որ օգտվեն դրանցից»:

Անդրադառնալով այսօրվա մեր երիտասարդ աղջիկների դիմահարդարման կուլտուրային՝ Մերի Ազոյանը որպես մասնագետ նկատեց. «Ես ցավով պետք է նշեմ, որ դեռ շատ մեծ դրական փոփոխություններ չկան, այսօր մեր հայ աղջիկների լուսանկարների մեծ մասը ենթարկված են «photoshop»-ի, անգամ դիմահարդարները իրենց արած գործերը միայն հատուկ ծրագրով անցկացնելուց հետո են տեղադրում իրենց էջերում, ինչն ինձ համար խիստ անընդունելի է: Ինչ վերաբերվում է իրական կյանքում աղջիկների դիմահրադարմանը՝ կրկին պետք է նկատեմ, որ երբեմն չարաշահումները մեծ են: Ես ինքս որպես դիմահարդար էլ բնականի կողմնակից եմ, միայն իմ հաճախորդների ցանկությամբ կարող եմ այսպես ասած «նկարել» դեմքի վրա, հակառակ դեպքում, սիրում եմ նուրբ եւ գեղեցիկ դիմահարդարումները: Մեր հայ աղջիկները սիրում են, որ դիմահարդարման գնալիս դիմահարդարը շատ կոսմետիկա օգտագործի իրենց դեմքի համար: Կոնկրետ ես իմ հաճախորդներին մշտապես խորհուրդ եմ տալիս, որ չարժե ծանր դիմահարդարում անել, մնացած դեպքերում իրենք են որոշում»:

Իսկ վերջում որպես մասնագետ Մերի Ազոյանը իր խորհուրդը տվեց աղջիկներին եւ կանանց. «Խորհուրդ կտամ մեր աղջիկներին որքան հնարավոր է բնական լինեն, նրանք որքան բնությանը մոտ լինեն, այնքան գնահատված կլինեն, որովհետեւ միեւնույն է, իրենց ընտրյալը մի օր առավոտ շուտ տեսնելու է իրենց, դա արդեն ապացուցված է»,- կես կատակ, կես լուրջ նշեց դիմահարդարը:

 

Լրահոս

Դիտել ավելին