Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ պետի տեղակալը նաև դատավոր է աշխատում. նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»

09 Ապրիլ, 2021 08:02
ԱԱԾ պետի տեղակալը նաև դատավոր է աշխատում. նոր աղմուկ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր եւ նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:

Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: Եւ, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեեւ դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձեւով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել: Եւ հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»:

Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու եւ, մյուս կողմից, դատարան եւ իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, եւ դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին եւ հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին