Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանին նախարարության աշխատակիցներն ուղեկցել են ծափահարություններով (տեսանյութ)

01 Ապրիլ, 2021 14:05
Հակոբ Արշակյանին նախարարության աշխատակիցներն ուղեկցել են ծափահարություններով (տեսանյութ)

ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքի առաջարկն ընդունելուց տևական ժամանակ չեմ գիտակցել, որ աշխատելու եմ պետական գերատեսչությունում։ Ունեցել եմ այնպիսի ներքին զգացողություն՝ կարծես գնալու եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի լավ դպրոց, որը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի կանցնեմ ոլորտի շնաձկների մոտ կամ որպես անհատ իրավաբան, իմ ծառայությունները կառաջարկեմ շուկայի խոշոր խաղացողներին։ Սրա միակ պատճառը պարոն Նախարարն էր, ով իր աշխատելաոճով ստեղծած իմիջով ցրել էր պետական կառույցների շուրջ ոչ անառիթ ձևավորված բացասական կարծրատիպը։Ոլորտի հետ աշխատելիս զգում էի, որ նույն տրամադրվածությունը, կրկին շնորհիվ պարոն Նախարարի, առկա է նաև ոլորտի ներկայացուցիչների մոտ, մեզ չէին նայում որպես «չինովնիկի», մեզ ընկալում էին որպես թիմակիցների, ովքեր մտահոգված են ոլորտային խնդիրներով, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի բարօրության նպատակով համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու համար, ովքեր 24/7 ռեժիմով հասանելի են ոլորտի համար՝ պատրաստ լսելու և աջակցելու նրանցից յուրաքանչյուրին։ Այսինքն, ոլորտն առաջնորդում էր մի Նախարար, ով կարողացել էր հասարակության համապատասխան շերտի մոտ ձևավորել հավատն առ այն, որ պետությունն իսկապես ծառայում է հասարակությանը։Պարոն Նախարարը հորիզոնական կառավարման մոդելի ջատագովն ու կիրառողն էր․ յուրաքանչյուր աշխատանքային քննարկում հավասար մասնակիցների մտագրոհ էր, բայց և յուրատեսակ մաստեր կլաս և քաջալերանք՝ զերծ ամեն տեսակ ապակառուցողական և մասնագիտական էնտուզիազմի ողնաշարը կոտրող քննադատությունից։ Պարոն Նախարարը ղեկավար էր, ում դռները միշտ բաց էին բոլոր աշխատակիցների առջև, և ում հետ պետք չէր ավելորդ դիվանագիտություն պարեցնել ու կարելի էր խոսել ի խորոց սրտի՝ ուղիղ և ամենայն շիտակությամբ։Խորն ափսոսանք եմ ապրում ինձ համար, որ այլևս զրկվեցի նրա ղեկավարության ներքո աշխատելու հնարավորությունից։ Ուզում եմ լավատես լինել՝ նախարարության և ոլորտի ապագայի համար։

Հ․Գ․ Պարոն Նախարար, շնորհակալ եմ Ձեր թիմում աշխատելու ընձեռնված հնարավորության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին