Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց

01 Ապրիլ, 2021 13:40
Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Առաջարկվող փոփոխությունների համաձայն, մասնավորապես, մասնագիտության հայտագրումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլով նախատեսվում է բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով, փոփոխվել են նաև հայտագրման ժամկետները և կարգը։ Ըստ այդմ՝ առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը: Երկրորդ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։

Որոշմամբ սահմանված է նաև, որ հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում պետք է լրացնի բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Սահմանվել է նաև արտոնություն Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի: Տվյալ մասնագիտությունից կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդը անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:

Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությանը։ Փոփոխությունների արդյունքում կկանոնակագվի բուհերում ընդունելության գործընթացը, կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը՝ ընդգծելով մասնագիտության ընտրության կարևորությունը:

Լրահոս

Դիտել ավելին