Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանական կազմակերպությունները «բարիկադի» միևնույն կողմում են. ՇՄ նախարար

05 Մարտ, 2021 19:37
Շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանական կազմակերպությունները «բարիկադի» միևնույն կողմում են. ՇՄ նախարար

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ: Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է խորհրդի նոր կազմին և գործընկերներին շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքների նկատմամբ հետաքրքրվածության համար․

«Ինչպես բազմիցս եմ նշել իմ հանրային ելույթներում և բնապահպանական շրջանակների հետ նախկին հանդիպման ժամանակ, նախարարին կից հասարակական նոր խորհրդի ձևավորման գերնպատակը մեկն է՝ վեր հանել մեր երկրում առկա բնապահպանական խնդիրները,գույքագրել դրանք,տեղային ու գլոբալ լուծումների առաջարկներ մշակել,հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով։Ցանկացած քայլ,որը կհանգեցնի ավելի պաշտպանված, ավելի կառավարելի և զարգացող շրջակա միջավայր ունենալուն՝ քննարկելի է հասարակական խորհրդի աշխատանքային ձևաչափում։Միասին պետք է քննարկենք՝ ինչպես ենք կյանքի կոչում կարճաժամկետ, միջնաժամկետ և ռազմավարական հեռանկարային պլանում լուծումներ պահանջող խնդիրների լուծման եղանակներն ու ծրագրերը։ Իմ կարգավիճակը թե՛ որպես ոլորտի պատասխանատու և թե՛ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, ձեզ համար պետք է հանդիսանա այն լծակն ու գործիքակազմը, որի օգնությամբ դուք կյանքի կկոչեք ոլորտի ձեր տեսլականը»։

Ըստ նախարարի՝ խորհրդի կազմն ընտրվել է այնպիսի համամասնությամբ, որ այն ներառի առավել շատ ոլորտային մասնագետներ և ունենա լայն ընդգրկում։

Նախարարը հորդորել է գործընկերներին իրենց աշխատանքների հիմքում դնել պետական կառավարման, հանրային և բնապահպանական շահի բալանսավորումը։

Խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն գործիքակազմ, որի կիրառմամբ էլ պետք է կարողանան ոլորտին առնչվող սուր հարցերի, հանրային հնչեղության խնդիրների, ֆորսմաժորային իրավիճակներում ծագած հարցերի շուրջ իրացնել իրենց տրված խորհրդատվական մանդատը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդի աշխատակարգը, ոլորտային ստորաբաժանումների ստեղծման մեխանիզմները և հաջորդ նիստի օրակարգում քննարկվելիք հարցերի շրջանակը։Խորհրդի անդամները հույս են հայտնել, որ ոլորտում ցանկացած համակարգային լուծում պիտի տեղի ունենա հետևյալ եռանկյունու ձևաչափով՝ հասարակություն, հասարակական հատված և պետական կառավարման մարմին։ Իրենց հասարակական խորհրդի կազմ է բերել հասարակության, ոլորտի գիտական հատվածի և պետական գերատեսչության միջև կամուրջ հանդիսանալու մղումը։Խորհրդի կազմի անդամներն իրենց պատրաստակամությունն են հայտնել խորհրդի աշխատանքի արդյունավետության մեջ ներդնել իրենց անմիջական ջանքը և ներուժը։

Ավարտելով խորհրդի անդրանիկ նիստը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, և մեկ անգամ ևս հիշեցրել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։

Լրահոս

Դիտել ավելին