Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արման Թաթոյանի հետ. քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

27 Փետրվար, 2021 11:41
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արման Թաթոյանի հետ. քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:

Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը:

Լրահոս

Դիտել ավելին