Կարևոր իրադարձություններ

Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները Հայաստանում են․ նրանց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումները բողոքարկվել են

19 Հունվար, 2021 22:46
Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները Հայաստանում են․ նրանց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումները բողոքարկվել են

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը երկարացվել է երկու ամսով։

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վերը նշված սիրիացիները մեղադրվում են վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։

 

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Սիրիայի ևս երեք քաղաքացու նկատմամբ։Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս պահին պաշտպանին հայտնի չեն բողոքների գործերով նիստերի օրերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին