Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Հանրահավաքներին չմասնակցելը աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի կարող հանդիսանալ. ԱԱՏՄ

25 Դեկտեմբեր, 2020 16:51
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Հանրահավաքներին չմասնակցելը աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի կարող հանդիսանալ. ԱԱՏՄ

Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունով և ֆեյսբուքյան էջով քաղաքացիների կողմից ստացված բողոքներն առ այն, որ գործատուները վերջին օրերին աշխատողներին (որպես աշխատանքային հարաբերությունները շարունակելու պայման) պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է.

☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում),

☑ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ, մինչդեռ, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը սպառիչ սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, և հանրահավաքներին չմասնակցելը աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի կարող հանդիսանալ։

Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ (կայացած փաստ) քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝

[email protected] էլեկտրոնային հասցեով,
• 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով,
• էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):

Բողոքներ ստանալու դեպքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընթացք կտա դրանց և կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչարարություն։

Սպառնալիքների վերաբերյալ ստացված դիմումները դուրս են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից. քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմիններին։

Նշենք որ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից (մասնավոր հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):

Հարգանքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Լրահոս

Դիտել ավելին