Կարևոր իրադարձություններ

Հայաստանում պետք է ստեղծել ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ. «Հայաստանի Հանրապետություն»

24 Դեկտեմբեր, 2020 09:51
Հայաստանում պետք է ստեղծել ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հայաստանում ներդրումային հարաբերությունները կանոնակարգող  օրենսդրության բարելավումը նախեւառաջ նպատակահարմար է իրականացնել  ներդրումների եւ ներդրողների իրավական պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան երաշխիքների ամրագրման, ներդրումների  նկատմամբ սահմանափակումների վերացման եւ ներդրումային վեճերի լուծման գործուն մեխանիզմների ապահովման  ճանապարհով»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը:

Բանն այն է, որ, նրա խոսքերով, ներդրողները Հայաստանում հաճախակի բախվում են ներդրումների պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրների հետ, պայմանավորված ինչպես գործող իրավական ակտերի անկատարությամբ, այնպես էլ դրանց ոչ պատշաճ  իրականացմամբ: Նմանատիպ խնդիրները բացասաբար են անդրադառնում ինչպես Հայաստանում ներդրումների ներգրավման, այնպես էլ  միջազգային ներդրումային համաձայնագրերով Հայաստանի ստանձնած  պարտավորությունների պատշաճ իրականացման վրա: Այս առումով, մեծապես կարեւորվում է ներդրումային օրենսդրության մեջ առանձնակի տեղ հատկացնել ներդրողների բողոքների եւ առաջարկների ներկայացման, ինչպեսեւ դրանց քննարկման ընթացակարգերին: Իսկ ներդրումային վեճերից խուսափելու եւ դրանք արագ կարգավորելու համար  նպատակահարմար կլինի Հայաստանում  ստեղծել  ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ, որի գործունեության առանձնահատկությունները կսահմանվեն օրենքով: «Ներդրումային օմբուդսմենի ինստիտուտի առկայությունը  կնպաստի ներդրումային վեճերի արագ եւ անկողմնակալ լուծմանը, ներդրումային օմբուդսմենը յուրաքանչյուր կոնկրետ վեճի ծագումն ու պատճառը պարզելու եւ արդարացի լուծում տալու նպատակով՝ ներկայացված բողոքի վերաբերյալ կհավաքագրի եւ կվերլուծի հետեւյալ տեղեկատվությունը՝ ներդրողի կարգավիճակը, խնդրի էությունն ու բնագավառը, առնչվող պետական մարմինը, այդ խնդրի ընթացիկ կարգավիճակը, բողոքի առնչությամբ դատական գործի առկայությունը, ռիսկի ենթարկվող ներդումների արժեքը, բողոքի այլ հնարավոր ազդեցությունները եւ այլն: Օմբուդսմենի ինստիտուտի ձեւավորմամբ հնարավոր կլինի նաեւ էապես  կրճատել բողոքների քնարկման ժամկետներն ու ծախսերը՝ ներդրողներին ազատելով  դատական ատյաններ դիմելու անհրաժեշտությունից»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին