Կարևոր իրադարձություններ

Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Մասիս Մայիլյան

18 Նոյեմբեր, 2020 19:38
Հեղինակ՝ Մասիս Մայիլյան
Ողջունում ենք Նիդերլանդների համարձակ քայլը, հուսով ենք՝ այն նախադեպ կդառնա. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։

Բարձր ենք գնահատում Նիդերլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։ Հուսով ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին