Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների. նախագահ (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2020 12:14
Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների. նախագահ (տեսանյութ)

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

«Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տևելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին հարցեր են ուղղել մասնավորապես երկրում ստեղծված իրավիճակի, Արցախի հետագա ճակատագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին: Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նախագահը նշել է. «Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ»:

Ի պատասխան հարցերից մեկի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս մենք երկրի կայունության պահպանման խնդիր ունենք. «Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների»:

Նախագահն անթույլատրելի է համարել որևէ բախում, որևէ բռնություն: «Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն և լսելի լինեն: Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը կարևոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը և աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ. «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, և որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, և դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն և հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարևանները որտեղ են լինելու, և մենք որտեղ պետք է լինենք»:

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: «Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռևս ոչինչ չենք անում դրա համար,-ասել է նախագահ Սարգսյանը:- Երբ մենք Երևանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա և այլն: Դա նաև նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետև այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»:

Նախագահի խոսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը պետք է բացվի աշխարհի համար, նոր բարեկամներ ու հնարավորություններ ստեղծի. «Բացվենք սփյուռքի, աշխարհի համար: Այս աշխարհում լավ աշխատելով կարող ենք նոր բարեկամներ և նոր կապեր գտնել ու հավասարակշռել: Հնարավորություններ կան»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին