Կարևոր իրադարձություններ

Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը. ՀՀ-ից տարածք չի հանձնվում Ադրբեջանին

12 Նոյեմբեր, 2020 22:23
Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը. ՀՀ-ից տարածք չի հանձնվում Ադրբեջանին

Նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությունից հետո սկսվեցին մի շարք շահարկումներ այդ համաձայնության որոշ կետերի շուրջ։ 

Համացանցում այս օրերին տարածվեց մի քարտեզ, ըստ որի՝ Հայաստանն այդ հայտարարության արդյունքում կորցնում է Իրանի հետ սահմանը։

Այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Եռակողմ հայտարարությունն արդեն պաշտոնապես հրապարակվել է Կրեմլի կողմից և տեղադրված ՀՀ վարչապետի կայքում։ 

Հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Հայաստան-Իրան սահմանին։ Այդ կետը հետևյալն է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Այսինքն, խոսք է գնում Ադրբեջանի տարածքից Նախիջևան տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի մասին։ Հայտարարության մեջ ՀՀ սուվերեն տարածք զիջելու մասին որևէ խոսք չկա։

Ի դեպ, Մեղրիով Ադրբեջանին դեպի Նախիջևան «միջանցք» տրամադրելու մասին քննարկումներ գնացել են առնվազն 1990-ականների վերջերից։ Այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրություն էր հրապարակել դեռ անցած տարի։ Ըստ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը 2000-ին առաջարկել էր Ադրբեջանին «սուվերեն ճանապարհ» տալ Մեղրիի վրայով։ Այս նախագիծը, սակայն, ըստ Քոչարյանի, տապալվեց Քի Վեսթի 2001 թ. հանդիպման ժամանակ՝ Ալիևի կողմից։

Ղազախի շրջանի գյուղեր

Համացանցում տեղեկություններ տարածվեցին նաև, որ ըստ եռակողմ հայատարարության՝ Ադրբեջանին են տրվելու Ղազախի շրջանի գյուղեր, որոնք Հայաստանի տարածքում խորհրդային շրջանում անկլավներ էին, այսինքն՝ ամբողջությամբ շրջապատված էին Հայաստանի տարածքով։ Այդ գյուղերն են՝ Վերին ՈսկեպարԲարխուդարլու և Սոֆուլու։ 

Մինչ եռակողմ հայտարարության հրապարակումը, համացանցում տարածվել էր մի փաստաթուղթ, որը ներկայացվում էր որպես այդ եռակողմ համաձայնագրի վերջնական տեքստ։ Սակայն պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ չկա այդ մասին որևէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել է նաև հենց Իլհամ Ալիևը։ Սակայն այն պաշտոնական հայտարարության մեջ տեղ չի գտել։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։

Չնայած դրան, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դա ներկայացրել է որպես հայտարարության կետ։ 

«Պլյուս մի բան էլ Հայաստանից, Ղազախի շրջանից Բարխուդար գյուղ կար, նաև հարավում Գորիսից Կապան գնացող ճանապարհը, ըստ էության նախկինում կառուցված է եղել Ադրբեջանի տարածքների վրա: Սա անընդունելի բան է, արվում է նրա համար, որ ունենանք զրոյական պրոբլեմներ Ադրբեջանի, Թուրքիայի հետ ու հետո ինչ ուզում ենք՝ անենք»,- ասել է Բագրատյանը։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին